ՔԿՀ-ներում առողջապահական համակարգի բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Լեգալ ինֆոն զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ։
-Նախ խոսենք այն մասին, թե ի՞նչ խնդիրներ ունի քրեակատարողական համակարգի բուժծառայությունը ներկայումս։ Ո՞րն է ՔԿՀ-ներում բուժօգնության ոչ պատշաճ պայմանների պատճառը։
–Նախ խնդիրները միայն այս պահի դրությամբ չեն: Խնդիրները տարիներ ի վեր եղել են քրեակատարողական համակարգում։ Ավելին, այդ խնդիրներն արձանագրել են թե՛ մեր միջազգային գործընկերները, թե՛ քաղհասարակությունը, թե՛ նաև կառավարությունը, որը նախորդ տարի ընդունեց քրեակատարողական բժշկության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որտեղ ամրագրվել են նաև այն հիմքերը, խնդիրները, որ ունի քրեակատարողական համակարգի բժշկությունը։ Մասնավորապես՝ ոչ պատշաճ հագեցվածությունն էր՝ համապատասխան սարքավորումներով, որ մենք, արդեն իսկ՝ նախորդ տարվա ընթացքում, մեծամասամբ լուծել ենք. ձեռք ենք բերել նոր սարքավորումներ, անցկացվել են դասընթացներ բժիշկների համար՝ ինչպես օգտվեն այդ սարքավորումներից։ Խնդիրը նաև կադրային ռեսուրսն է։ Քանի որ քրեակատարողական բժշկությունը կտրված է հանրային առողջապահական համակարգից, ըստ այդմ էլ մեր բժիշկներն ավելի քիչ հնարավորություններ ունեն վերպատրաստվելու, նորագույն գիտելիքներ ձեռքբերելու։ Եվ փորձել ենք այդ խնդիրը նաև հայեցակարգի շրջանակներում լուծել՝ հուշագիր ստորագրելով ԵՊԲՀ-ի հետ, ինտեգրելով նաև բժշկական վերապատրաստման համակարգը։ Նաև խնդիր ունենք ավելի գրավիչ դարձնելու քրեակատարողական բժշկությունը, քանի որ պայմանները մեզ մոտ ավելի դժվար են, քան քաղաքացիական բուժհիմնարկներում. փակ հաստատություններում են աշխատում, հատուկ տիպի կոնտինգենտի հետ։ Այդուհանդերձ՝ մենք փորձում ենք այդ հարցը ևս լուծել՝ ստեղծելով այս նոր կենտրոնը, համապատասխան պատշաճ աշխատավարձ, աշխատանքային պայմաններ ապահովելով։ Ամենակարևոր խնդիրն անկախությունն է, քանի որ մինչ օրս այդ համակարգը գտնվում է Քրեակատարողական ծառայության ներքո, և հիմնականում բժիշկները քրեակատարողական ծառայողներ են և զինվորականներ։ Նրանք անմիջապես ենթարկվում են քրեակատարողական հիմնարկի պետին, և, ըստ այդմ, Քրեակատարողական վարչությանը։ Այս առումով՝ կարող են, տեսականորեն, խնդիրներ լինել, երբ որոշումներ ընդունելիս բժիշկներն առաջնորդվում են ոչ միայն պացիենտի շահերով, այլ նաև ծառայության որոշակի խնդիրներ են հաշվի առնում։ Օրինակ, տեղափոխման խնդիր կա, և իրենք հաշվի են առնում, երբ ունեն անձնակազմ, և նմանատիպ այլ խնդիրներ։ Այս առումով՝ ամենակարևոր խնդիրը, որ կար, նաև անկախությունն էր։ Մենք փորձում ենք բուժծառայությունն անկախացնել քրեակատարողական ծառայությունից, որպեսզի որոշումներ ընդունելիս առաջնորդվեն բացառապես պացիենտի շահերով։
-Ի՞նչ երաշխիքներ կան, որ նույն նախարարության ենթակայությամբ նոր ստեղծված կառույցն ավելի բարեխիղճ կամ լավն է լինելու։
-Հայեցակարգում հստակ կանոնագրված է, որ մենք որդեգրել ենք այն մոտեցումը, որն ընդունել են գրեթե բոլոր եվրոպական երկրները։ Սա փուլ առ փուլ այս համակարգի տեղափոխումն է հանրային առողջապահական համակարգ։ Առաջին փուլում մենք անկախացնում ենք, և ենթարկվելու է նախարարությանը։ Ըստ այդմ, բժիշկն առնվազն քրեակատարողական հիմնարկին և վարչությանը չի ենթարկվելու՝ որոշումներ ընդունելիս։ Հայեցակարգում ամրագրված է՝ որպես հաջորդ փուլ, նորաստեղծ կենտրոնի տեղափոխումը այլ առողջապահության կառույցների ենթակայության տակ։ Բայց քանի որ մենք տեսել ենք նաև մի քանի երկրներում այս տեղափոխման դժվարություններն ու առաջացած խնդիրները, փուլային եղանակով ենք այն իրականացնում։ Եթե մեր հանրային առողջապահական համակարգը կարողանա լուծել քրեակատարողական ոլորտի առողջապահական խնդիրները, ապա բուժհաստատությունը կտեղափոխվի, որովհետև այդ գերատեսչական բժշկական հաստատությունները կան և՛ պաշտպանության նախարարությունում, և՛ ոստիկանության համակարգում։ Առնվազն այս փուլում, կարծում եմ, շատ ճիշտ որոշում է առանձին կենտրոն ստեղծելը։ Սա փաստացի Արդարադատության նախարարությանը ենթակա բժշկական հաստատություն է, զուտ բժշկական։
-Բուժծառայությունը կառանձնացվի, բայց ինչի՞ հետ է կապված այդ ոչ անկախ վիճակը՝ բուժօգնության վրա ազդելու, պետե՞րն են վատ աշխատում, համակարգո՞ւմ խնդիր կա։
–Մենք չենք ելնում այն փաստից, որ քրեակատարողական բժշկական ծառայությունը լավ չի աշխատում։ Ուղղակի արձանագրում ենք բացեիբաց խնդիրները, արձանագրում ենք իրավիճակ, երբ Քրեակատարողական վարչության նույնիսկ պատշաճ հսկողության աշխատանքի արդյունքում էլ, տեղերում կարող են խնդիրներ առաջանալ՝ վարչակազմ-բժշկական անձնակազմ, կազմակերպական հարցեր, տեղափոխել քաղաքացիական հիմնարկ, թե ոչ։ Ի վերջո, օբյեկտիվորեն գործնականում հնարավոր չէ բժշկական ծառայությունը կազմակերպել քրեակատարողական համակարգի ներքո, թեկուզ որովհետև այն ղեկավարում է ոչ բժիշկ զինվորականը։
Այս նոր կառույցը պետք է լիցենզավորվի, պետք է վիճակագրական հաշվետվություններ ներկայացնի առողջապահական մարմիններին։ Այսինքն՝ մի կառույց է, որը երկակի հսկողության տակ է։
-Այս պարագայում, կալանավորի տեղափոխման խնդրով որոշիչը ո՞ւմ խոսքն է լինելու՝ բժշկի՞, թե՞ ՔԿՀ պետի։
–Միայն բժշկի։ Մենք ներկայումս խոսում ենք ռիսկերի մասին՝ սկսած մուտքը քրեակատարողական հիմնարկներ, ներսում աշխատանքը, տնտեսվարման խնդիրները, կոմունալ խնդիրները։ Այդ ամբողջը հաշվի է առնված։ Տեղափոխման հետ կապված՝ որոշում կընդունի բժիշկը, կկատարի քրեակատարողական հիմնարկը։ Ամրագրել ենք, որ կենտրոնը կգործի հուլիսի 1-ից։ Այս ամիսները մեզ անհրաժեշտ են բոլոր կազմակերպչական հարցերը՝ գույքի տեղափոխում, հիվանդների տեղափոխման կարգ, մուտքի-ելքի կարգ, վերանայելու համար։
-Օրենսդրական փոփոխություններն ինչպե՞ս կնպաստեն գործող համակարգում եղած խնդիրների լուծմանը։
–Նախկինում որևէ ակտով սահմանված չէր՝ ինչ հագեցվածություն պետք է ունենա քրեակատարողական հիմնարկի բուժկետը։ Մենք սահմանում ենք պարտադիր նվազագույն պահանջներ, ինչը նշանակում է, որ որակի ստանդարտ ենք ամրագրում։ Սահմանելու ենք բժիշկներին, սարքավորումներին, տարածքներին ներկայացվող պահանջները։ Վիճակագրություն ենք վարելու, որը համադրելի կլինի Առողջապահության նախարարության կատարածի հետ։ Այս բոլոր միջոցների կոմպլեքսը բերելու է նրան, որ ստանալու ենք ավելի որակյալ ծառայություն, որոշումների ընդունման անկախություն։ Սա նշանակում է, որ որևէ հապաղում, որևէ ոչ մասնագիտական որոշում հիվանդի նկատմամբ չի կարող լինել։ Պատասխանատվությունը՝ հիվանդի առողջական վիճակի, քրեակատարողական հիմնարկի պետի ուսերից անցնում է բժշկին։ Այսինքն՝ հիվանդի համար պատասխանատուն լինելու է այս բժշկական ծառայությունը։ Սահմանվելու է բժշկական փաստաթղթերի լրացման կարգը։
Ստեղծում ենք նոր բժշկական հաստատություն՝ իր բոլոր կանոնակարգումներով։ Ընդորում, ոչ թե որպես Արդարադատության նախարարություն՝ նոր կանոնակարգումներ ենք ստեղծում, այլ վերցնում ենք առողջապահության ոլորտից (նույն ռեժիմով՝ գործելու է ինչպես պոլիկլինիկան կամ հիվանդանոցը) և ադապտացնում ենք մեր պայմաններին։ Օրինակ, վերցրել ենք ընտանեկան բժշկի գրասենյակի հագեցվածությունը, ավելացրել ենք լրացուցիչ սարքավորումներ և պարագաները, որոնք անհրաժեշտ են քրեակատարողական համակարգի բուժսպասարկմանը և սահմանել ենք՝ որպես հագեցվածություն։
-Քրեակատարողական համակարգի բուժանձնակազմը փոխվելո՞ւ է։
–Չենք դրել խնդիր՝ փոխելու։ Ինչպես գիտեք, ունենք բավականաչափ շատ թափուր տեղեր, մասնավորապես՝ մարզերում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում։ Այդուհանդերձ, խնդիր չենք դրել՝ անձնակազմ փոխելու, բայց անձնակազմը համալրվելու է, վերապատրաստվելու է, և անձնակազմի աշխատանքի միակ պայմանը, որ դրվելու է կենտրոնում, պատշաճ որակավորումն է և պատշաճ բուժօգնության մատուցումը։ Եթե գործող բժիշկները, բուժակները, բուժքույրերը կհամապատասխանեն, կունենան որակավորում, կշարունակեն աշխատել։ Ավելին, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի նրանք վերապատրաստվեն, որովհետև իրենք արդեն ունեն համապատասխան փորձ։ Արդյո՞ք ներգրավվելու ենք նոր անձնակազմ։ Այո՛։ Հայտարարվելու է մրցույթ, մրցույթով ընտրված կազմը վերապատրաստվելու ենք և ներգրավենք նոր բժշկական կենտրոն, որ շուրջ 200 հոգանոց անձնակազմ է ունենալու։
-Նոր մասնագետներին այս դաշտ ներգրավելու ի՞նչ միջոցներ են կիրառվելու։
–Խնդիրը, առաջին հերթին, պատշաճ աշխատանքային պայմաններն են։ Փորձելու ենք ապահովել ինչպես դա, այնպես էլ սոցիալական երաշխիքները։ Ստանալու են համապատասխան աշխատավարձ՝ փորձում ենք ապահովել առավել բարձր աշխատավարձով, նաև անվճար բուժօգնություն։ Այս փուլում դրա ուղղությամբ ենք աշխատում։
–Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կա նաև կալանավորների անվստահությունը քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության նկատմամբ։ Ինչպե՞ս եք պատկերացնում, պարզապես նոր անվանումը, շենքն ու անձնակազմը բավական են վստահություն ներշնչելու համար։
–Իհարկե, բավարար չէ։ Բավարար է հետևյալը՝ բժշկի պատշաճ աշխատանքը, որպեսզի կալանավորված կամ դատապարտված անձը տեսնի, որ բժիշկը գործում է իր շահերից՝ իր առողջության վերականգման դրդապատճառներով։ Մենք ապահովում ենք պայմաններ բժշկի համար, որպեսզի բուժօգնություն իրականացնի պատշաճ մակարդակով։ Ավելացրել ենք դեղերի համար նախատեսված ֆինանսավորումը, ապահովել ենք պատշաճ աշխատավարձ, անկախության երաշխիքներ, որպեսզի բժիշկները բուժօգնություն մատուցեն։ Մենք ապահովել ենք պայմանները, և բժիշկներն իրենք պետք է վերականգնեն այդ վստահությունը։
-Կա՞ նախատեսված վայր նոր կենտրոնի համար։
–Ներկայումս ստեղծում ենք հանձնաժողով, որն այդ գույքագրումը կիրականացնի։ Դիտարկում ենք, որպես տեղակայման վայր՝ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը, բայց դեռ որոշումն ընդունված չէ։