Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին փողերի լվացման դրվագով ամբաստանյալները:
Փողերի լվացման գործով ամբաստանյալ Ժորա Զաքարյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, ինչի արդյունքում մեղադրողը միջնորդեց, որպեսզի նախաքննության ընթացքում ամբաստանյալի տված ցուցմունքը դատարանը հրապարակի:
Նշենք, որ ցուցմունքների հրապարակումից պարզ է դառնում, որ ամբաստանյալը մի քանի անգամ է հարցաքննվել՝ սկզբում որպես կասկածյալ, հետագայում արդեն որպես մեղադրվող:
Ըստ ցուցմունի՝ Ժորա Զաքարյանը, գործով մյուս ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանից ստացել է մեկ հատ 20 Եվրո թղթադրամ, որպեսզի ինքը վերացնի թղթադրամի վրա առկա կարմիր բծերը: Հետագայում, ամբաստանյալին Անդրանիկ Քոչարյանը կրկին թղթադրամներ է բերել՝ երկու հատ 20 Եվրո և մեկ հատ 50 Եվրո:
Ցուցմունքի համաձայն՝ սկզբից Ժորա Զաքարյանը եղունգների համար նախատեսված լուծույթի միջոցուվ փորձել է վերացնել թղթադրամների վրա առկա կարմիր բծերը, ապա՝ NaOH լուծույթով է սկսել վերացնել:
«Ինձ տվել ա 5000 դրամ: Թղթադրամները մաքրելու վերաբերյալ ես Անդրանիկին ոչինչ չեմ ասել՝ մտածելով, որ հետագայում կարող է ինքը մաքրումն իրականացնել»,-ասվում է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքում:
Ըստ ամբաստանյալի՝ այդ գումարներն Անդրանիկին տվել էր նրա եղբայր, գործով ամբաստանյալ Կարեն Քոչարյանը և, եթե բծերը հաջող վերանային, ապա նոր թղթադրամներ կլինեին. «Թղթադրամը բանկոմատում ստուգելու թեմա չի եղել»:
Քննիչի այն հարցին, թե ի՞նչ կապ ունի գործով մյուս ամբաստանյալ Սամվել Բաբայանը, Ժորա Զաքարյանը պարասխանել է, որ իր տեղեկություններով Սամվել Բաբայանը կապ չունի թղթադրամների հետ:
Ամբաստանյալի մյուս ցուցմունքի համաձայն՝ վերջինս տեղյակ չի եղել, որ Կարեն Քոչարյանին վերոնշյալ թղթադրամները տվել է Սամվել Բաբայանը:
Առաջադրված մեղադրանքի բովանդակությունն ամբաստանյալի համար հասկանալի է, և վերջինս իրեն մեղավոր է ճանաչում:
Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը նույնպես հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և պատասխանել հարցերին: Դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում վերջինիս տված ցուցմունքը: Նշենք, որ ամբաստանյալը նախաքննության սկզբնական ընթացքում հարցաքննվել է որպես վկա, այնուհետև՝ կասկածյալ և մեղադրվող:
«Կարենը եկավ, բերեց 20 Եվրո թղթադրամը, ասեց կարո՞ղ է մաքրվի: Տվեցի Ժորային, գիտեի, որ ինքը քիմիայից գլուխ ա հանում: Ժորան ինձ ասաց, որ թղթադրամը մաքրելու համար անհրաժեշտ է NaOH քիմիական պինդ նյութ, որոնք լինում են հիմնականում քիմիական լաբորատորիաներում: Կարենին զանգեցի ասեցի, ինքն էլ 4-5 լիտր պարունակությամբ տարայով ուղարկեց»,-ասվում է նախաքննության ցուցմունքում:
Ըստ նրա՝ Ժորային ոչ մի գումար չի խոստացել. «Ասել էի լավ կլինի՝ այդպես էր ասել Կարենը, ես էլ Ժորային էի ասում»:
Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը Ժորա Զաքարյանի կնոջ միջոցով վերջինիս 5000 ՀՀ դրամ գումար է փոխանցել:
Մյուս ամբաստանյալ Կարեն Քոչարյանը ևս հրաժարվեց ցուցմունքից. հրապարակվեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, ըստ որի՝ վերջինս 20 Եվրո գումարը ստացել է Սամվել Բաբայանից.
«Սամվել Բաբայանը տվեց 20 Եվրո թղթադրամը, ես էլ հիշեցի մեր համագյուղացի քիմիկոս Ժորային և եղբորս միջոցով փոխանցեցի նրան»,-ասվում է նախաքննության ցուցմունքում:
NaOH քիմիական նյութի վերաբերյալ ամբաստանյալը նշել է, որ գնել է նախկին Կրկեսի մոտ գտնվող խանութից, 2000 ՀՀ դրամով, 5 լիտր տարողությամբ տարայով, քանի որ այդ նյութը փոքր քանակությամբ չէին վաճառում:
Հետո ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի միջոցով Մոսկվայից Երևան է տեղափոխել 5000 Եվրո թղթադրամներ՝ նույն կարմիր բծերով:
Ըստ նրանախաքննության ցուցմունքի՝ վերջինս չի իմացել կեղծ թղթադրամների մասին:
Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում: Մեղադրողի միջնորդությունով հրապարակվեց նախաքննության ընթացքում ամբաստանյալի ցուցմունքը:
«Կարենը ինձ միայն խնդրել է 5000 Եվրո գումարը ՀՀ տեղափոխելու մեջ օգնել, քանի որ ես ծանոթներ ունեի: Գոռի միջոցով թղթադրամները Երևան են տեղափոխվել: Ես երեխայիս հետ գնացել էի գումարը վերցնելու՝ սպիտակ ծրարով էին, տեղում ԱԱԾ-ի աշխատակիցները ձերբակալել են»,-ասված է ցուցմունքում:
Ըստ նրա ցուցմունքի՝ Կարենն այդ գումարը ՀՀ էր տեղափոխում կարմիր բծերից մաքրելու համար, թե ի՞նչ էր անելու հետագայում՝ չգիտեր և եթե այս տեղափոխումը բարեհաջող ավարտվեր «լավ կլիներ»:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, որի ժամանակ կհարցաքննվեն մյուս 3 ամբաստանյալները՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի