Այսօր քննարկման է դրվել «Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության ու բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող փոխհատուցվող դեղերի ցանկը, ինչպես նաև հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող) դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային գների, պետության կողմից դեղերի ձեռքբերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը):
Նախագծի ընդունման նպատակն է ներդնել և կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող փոխհատուցվող դեղերի գնագայոցման մեխանիզմները: Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն փոխհատուցվող դեղերի մեծածախ ռեֆերենտային և հենակետային գները, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները, որի արդյունքում նախատեսվում է պետական միջոցների ծախսի և վերահսկելիության արդյունավետության բարձրացում ինչպես նաև տնտեսումների բարձր ցուցանիշների արձանագրում: Առաջարկվող կարգավորումը նախատեսում է փոխհատուցվող դեղերի միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծում, որ հնարավորություն կնձեռնի ունենալ նախահաշվային գների որոշման միասնական մոտեցում:
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում