Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսված փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից, որպես դատական սանկցիա տուգանքի կիրառումն անթույլատրելի է համարում:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:
ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում:
Փաստաբանի նկատմամբ դատարանի ներգործության միջոցն այսօր ունի միջնորդավորված բնույթ և իրավական հետևանք կարող է առաջացնել միայն այն դեպքում, երբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն է փաստաբանի վարքագծում խախտում տեսնում:
Գործող նշված իրավակարգավորումը փաստաբանի լավագույն երաշխիքն է դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից պաշտպանվելու համար:
Օրենսդրական այս նախաձեռնության հիմքում հավանաբար դրված է այն պատճառը, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը շատ դեպքերում կարճում է դատական սանկցիայի հիմքով փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները: Կարճման ելքով ավարտված շատ վարույթներով ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է դատավորների չհիմնավորված մոտեցումները փաստաբանների նկատմամբ: Եղել են դեպքեր, երբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դիմել է պատկան մարմնին դատավորի վարքագիծը քննարկելու համար:
Այս պայմաններում, գործող իրավակարգավորումը շատ լավ զտիչ է հանդիսանում է փաստաբանական համայնքի և դատական համակարգի հարաբերություններում, հետևաբար դրա փոփոխությունը (դատարանին՝ փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու անմիջական ներգործության միջոց կիրառելու լիազորությունը տալը) կարող է վնասել փաստաբանի անկախությանը:
ՀՀ դատական օրենսգրքի նախագծի վերոհիշյալ և այլ կարգավորումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կներկայացնի իր դիտողությունները և առաջարկությունները՝ փաստաբանների կարծիքները ստանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան