Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերը «ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք են», իրականությանը չի համապատասխանում։
Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է Հայաստանի համար և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ: Հիվանդության վարակի աղբյուր համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը:
Նշենք, որ հիվանդության դեպքերն արձանագրվել են միայն Արծվաբերդ համայնքում և այն էլ համայնքի մեկ հատվածում։ Իրականացված կենդանամակաբուծաբանական և համայնքից վերցված ցորենի, գարու, ծղոտի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական։ Վերլուծությունները վկայում են, որ վարակի հավանական պատճառը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հիվանդ կրծողի համայնք ներթափանցումն է:
Հիվանդության հետագա կանխարգելման և ռիսկերի նվազեցման նպատակով Արծվաբերդ, Չինար, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր համայնքների բնակչության շրջանում իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ: