Տնտեսական գործունեության մեջ կնոջ ներգրավումը չափազանց կարևոր է. ՄԻՊ

Պետք է ամեն ինչ անել խթանելու համար կանանց տնտեսական գործունեությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Տնտեսական գործունեության մեջ կնոջ ներգրավումը կարևոր է նրա և´ անկախության ապահովման, և´ բռնության դեպքերի կանխարգելման տեսանկյունից։ Այս առումով առաջիկայում պատրաստվում ենք միջոցառումներ իրականացնել, որտեղ ցույց կտանք երկրում տնտեսական գործունեություն իրականացնող մարզաբնակ ակտիվ կանանց կարևոր դերը»,-շեշտել է Պաշտպանը։

USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում լրագրողների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է կանանց խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Նա շեշտել է, որ Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաև կանանց իրավունքների ապահովման վիճակը փակ հաստատություններում։ Մասնավորապես, առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց քրեակատարողական հիմնարկներում կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վիճակի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։