Գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի։
ՀՀ դատախազությունից քաղաքացիները պահանջում են վերահսկողություն սահմանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում քննվող Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ գործի արդար քննության և դեպքի իրական հանգամանքների բացահայտման նպատակով։
‹‹Տղայիս սպանել են ու բոլոր փաստաթղթերը կեղծել: Դատաբժիշկները և փորձագետները բացահայտ կեղծ եզրակացություն են տվել: Որդուս սպանեցին փող աշխատելու համար››,- այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց Ռուզաննա Ադանալյանը, վերջինս նշեց, որ ինքն ունի ապացույցներ:
‹‹Իրենք հիմա թաքցնում են այս ամենը, քանի որ պաշտոնատար՝ իրավապահ մարդիկ են կազմակերպել սպանությունը: Այդ ինչ պետք է պատմեր Արտյոմը, որ չուզեցիք ապրեր: Պատրաստ եմ յուրաքանչյուր բառիս համար պատասխան տալու››,- իր խոսքում նշեց նա:
Տիկին Ադանալյանի խոսքերով իրեն անընդհատ սպառնում են և իր նկատմամբ բազմաթիվ բռնություններ են իրականացվել. ‹‹Ինձ սպառնում են Շիրակի մարզի դատարանում, ամբաստանյալի համախոհներն են սպառնում: Ասում են, որ ինձ կսպանեն, մեքենայի տակ կգցեն, լեզուս կկտրեն և այլ սպառնալիքներ: Ուզում են վախի մթնոլորտ ստեղծել: Ես չեմ վախենում ոչ մեկից և չեմ լռելու: Եկել եմ դատախազին ասեմ, որ կարող եք գալ ինձ սպանել: Եթե պատվեր եք ընդունել ու տղայիս սպանել եք, միգուցե հաջորդը ես եմ: Ես որդուս արյան համար պատրաստ եմ ամեն ինչ անելու››:
Փաստաբան Նինա Կարապետյանցն էլ հայտնեց, որ գործում կան այնպիսի դրվագներ, որոնք հիմնավորում են տիկին Ռուզաննայի կասկածները, քանի որ գործում եղած ապացույցները խեղաթյուրվել են, իսկ այն անձինք, որոնք պետք է հարցաքննվեին չեն հարցաքննվել:
‹‹Այսպիսի համատարած վրիպակներ մի քանի պաշտոնատար անձանց կողմից չի կարող լինել: Ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիր և կատարվել են դիտավորյալ գործողություններ››,- ասաց փաստաբանը:
Խոսելով դատական նիստերի ընթացքի մասին Նինա Կարապետյանցը նշեց, որ դատավորը դատարանում այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որպեսզի նորմալ դատական նիստ անցկացնելու հնարավարություն չլիներ:
‹‹Տիկին Ռուզաննայի ամեն բառի տակ կարող եմ ստորագրել, քանի որ յուրաքանչյուր բարձրացված հարցի հիմքում դրված են ապացույցներ: Տիկին Ռուզաննային բռնության են ենթարկել դատավորի և դատախազի ներկայությամբ, բայց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել››,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե ակցիայից հետո ինչ-որ փոփոխություններ կլինեն, տիկին Կարապետյանցը հայտեց, որ մեկ ակցիայով կոռոիպցիոն համակարգում փոփոխություն իրականացնել հնարավոր չէ. ‹‹Դատախազությունը, դատարանները, բոլորը պետք է հասկանան, որ հասարակությունը պահանջատեր է և խաղալիք չէ: Հասարակությունը կարող է համախմբվել և պահանջել: Ամեն մեկը պետք է հասկանա, որ հաջորդ զոհը կարող է ինքը լինել››:
Հիշեցնենք, որ Արտյոմ Ադանալյանի սպանությունը տեղի է ունեցել 2014թ. աշնանը, Գյումրի քաղաքի տնակներից մեկում, հավաքույթի ժամանակ: Մինչ օրս պարզված չէ սպանության մոտիվը, հայտնաբերված չէ սպանության գործիքը, դատաբժիշկը վրիպել է, դատաբժշկական եզրակացությամբ չի տրվել պատասխան, թե հարվածները միևնույն գործիքով են հասցվել: Եզրակացությանը կից չկան դիակի լուսանկարները: Սպանված երիտասարդի մայրը պնդում է, որ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, իսկ ամբաստանյալի աթոռին մեկն է:
Նշենք, որ գործը գտնվում է Շիրակի մարզի դատարանում: