Վճռաբեկ դատարանի նոր նախագահը Երվանդ Խունդկարյանն է

Սեպտեմբերի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:

ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարևորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ատեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում մեր առջև դրված խնդիրների լուծումը և դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական ակտերի, որոշումների նոր որակի ապահովման միջոցով»:

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը և նրա նորընտիր նախագահը հետևողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալաություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդին, Օրենսդիր մարմնին իրեն վերապահված վստահության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:

 

Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ:

Մեկնաբանություններ