Դիմումատուն՝ Մարիուս Վիտկովսկին, ազգությամբ լեհ է, ծնվել է 1974 թվականին, բնակվում է Լեհաստանի Վադովիցե քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ քրեական գործով իրեն մեղավոր ճանաչելու մասին կայացված որոշումը բողոքարկելուն։
Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել, և Դիմումատուն մեղադրվել է իր մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ծառայողական գատնիք հանդիսացող տեղեկատվությունն ապօրինի կերպով բացահայտելու մեջ: Գործի շրջանակներում Դիմումատուն դիմում է ներկայացրել Դատարան՝ իր դեմ հարուցված քրեական գործով պատճառաբանված վճիռ կայացնելու պահանջով։
Հիմք ընդունելով Լեհաստանի Քրեական դատավարության օրենսգիրքը, որի դրույթների համաձայն՝ Դատարանի կայացրած դատավճռի պատճառաբանության մասին պահանջը կարող է ներկայացվել Դատարանի կայացրած որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում, Առաջին ատյանի դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած պահանջը և վերջինիս մեղավոր ճանաչելու մասին որոշում է կայացրել։
Դիմումատուի ներկայացրած պահանջը մերժելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ պահանջը ներկայացվել է դատավճիռը հրապարակելուց առաջ: Մասնավորապես՝ Դիմումատուն իր պահանջը Դատարան է ներկայացրել 2013 թվականի մարտի 19-ին ժամը 9։40, մինչդեռ դատավճիռը կայացվել է նույն օրը՝ ժամը 10։45-ին:
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր ներկայացրած պահանջը մերժելու որոշման արդարացիության մասին։ Հաշվի առնելով Լեհաստանի Քրեական դատավարության օրենսգիրքը, որի համաձայն՝ Դատարանի կայացրած չպատճառաբանված վճիռը բողոքարկման ենթակա չէ, Դիմումատուն բողոքել է նաև իր դեմ կայացված որոշումը բողոքարկելու իրավունքի խախտման մասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Լեհաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․537 եվրո՝ դատական ծախսերի համար։
Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։