Վերջին տարիներին ինչ տեղի է ունենում ԼՂՀ-ում տրամաբանական է. Գառնիկ Իսագուլյանը ԼՂՀ Կառավարության կազմի փոփոխությունների մասին

Նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց փոփոխված Կառավարության կազմը: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կազմի փոփոխումը անակնկալ չէր:  

«Վերջին տարիներին ինչ տեղի է ունենում Լեղնային Ղարաբաղի Հանրապետությունում, սկսած Սահմանադրական բարեփոխումներից  մինչև ներկա նշանակումները, տրամաբանության մեջ են, և ոչինչ հենց այնպես չի լինում»,- Գառնիկ Իսագուլյանի խոսքով` ամենակարևորը այն մթնոլորտն է, որը ձևավորված է այժմ Լեռնային Ղարաբաղում, այն տնտեսական զարգացման տեմպը, որը առկա է այնտեղ:  

Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ Մասիս Մայիլյանի որպես  արտգործնախարար նշանակմանը՝ ասելով, որ նա նոր մարդ չէ այս ոլորտում և հստակ գիտի իր անելիքները վերոշյալ պաշտոնում:  

Բանախոսի խոսքերով` Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` Սահմանադրական փոփոխությունները և Կառավարության կազմի փոփոխությունը, ավելի սահուն և հարթ է ընթանում, քան Հայաստանում: Բնապահպանության նախարարություն ստեղծելու վերաբերյալ Բակո Սահակյանի որոշմանը, Գառնիկ Իսագուլյանը տեղին համարեց՝ նշելով, որ Արցախում տեղի ունեցող 14.5% տնտեսական աճը, զարգացող քաղաքաշինությունն ու գյուղատնտեսությունը վառ օրինակներն են այն բանի, որ վերոնշյալ նախարարության ստեղծումը անհրաժեշտություն է:

ՄահմեդիարովՆալբանդյան հանդիպմանն անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ այդպիսի հանդիպումներ պետք է լինեն և ինչքան հաճախակի լինեն այդքան լավ, սակայն այդպիսի հանդիպումներից ակնկալիքներ չկան` առաջիկայում փոփոխություններ տեսանելի չեն. «Կարևոր չէ, թե ինչ են ասում մեր պաշտոնիա անձիք, կարևոր է, թե ինչ են անում»,- իր խոսքը եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:

Հավելենք, որ ինչպես հաղորդում են Արցախպրեսս լրատվական գործակալությունից` ԼՂՀ Նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը համապատասխան նշանակումներով.

Պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը

Առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը

Արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը

Արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը

Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը

Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը

Գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը

Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյանը

Կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը

Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը

Պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը

Քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը

Ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ.

Ազգային անվտանգության ծառայություն

Ոստիկանություն

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Մեկնաբանություններ