«Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս». վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, նշել է. «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը։ Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և այն արդյունավետ իրագործելու վրա։ Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»։

Այդ նպատակով վարչապետը հանձնարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին։ Անդրադառնալով ցուցանիշներին՝ վարչապետը նշել է, որ հունվար-օգոստոս ամիսներին աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից: Ըստ գործադիրի ղեկավարի՝ շինարարության ոլորտում իրականացված և նախատեսվող քայլերը կնպաստեն ոլորտի զարգացմանը: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանություններ