Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ. այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Մասնավորապես, ըստ Մարուքյանի, նախագծի ընդունումը հիմնավորվում է նրանով, որ տվյալ դրույթը խախտում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, առանց օբյեկտիվ հիմքի ու ողջամիտ նպատակի խտրականություն է սահմանում մասնավոր անձանց ու վարչական մարմինների միջև: Խնդիրը հիմնականում հանգում է նրան, որ վարչական գործերով անվճար փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունը մեր օրենսդրությամբ խիստ սահմանափակ է:
Հետևաբար, դատական պաշտպանության իրավունքից ու հնարավորությունից ուղղակիորեն զրկվում են բազմաթիվ քաղաքացիներ:
Ավելին, խտրական մոտեցում է ցուցաբերվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց և վարչական մարմինների միջև, քանի որ նորմը սահմանափակում է նախատեսում միայն առաջինների մասով, իսկ վարչական մարմնի անունից վճռաբեկ բողոք կարող է բերել անգամ իրավաբանական կրթություն չունեցող անձը:
Այսպիսով, գործող օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 14-րդ, 18-20-րդ հոդվածներին, ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և Եվրոպական դատարանի կողմից մինչև այժմ ձևավորված դատական պրակտիկային:
Ինչպես եզրակացնում է պատգամավոր Մարուքյանը, առաջարկվող նախագծի ընդունմամբ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ևս հնարավորություն կստանան վարչական գործերով անձամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու, հետևաբար, նրանց դատարանի մատչելիության իրավունքն այլևս չի խախտվի: