Վաթանդաշն ընդդեմ Թուրքիայի   

Դիմումատուն ՝ Մեհմեթ Ուղրաշ Վաթանդաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կալանավորման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերավերյալ։

2002 թվականի ապրիլի 6-ին Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին։ Այնուհետև նրան հանձնել են Ստամբուլի Բեյողլու կենտրոնական շրջանի ոստիկանության աշխատակիցներին, որոնք նրան տեղափոխել են ոստիկանության բաժին։

Նույն գիշերը Դիմումատուն ազատ է արձակվել և հաջորդ օրը քրեական գործ հարուցելու համար բողոք է ներկայացրել դատարան՝ իր փաստաբանի միջոցով։

2004 թվականի ապրիլի 22-ին՝ քրեական գործով մինչդատական վարույթի ավարտին, Ստամբուլի Քրեական դատարանը ոստիկանության աշխատակիցներին արդարացնելու որոշում է կայացրել՝ ապացույցների բացակայության հիմքով։ Դատարանը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցների շարքում այդ անձանց ինքնությունը չի հաջողվել պարզել։ Ուստի, ոստիկանները չեն կատարել ենթադրյալ հանցագործությունը։ Ի վերջո, 2011 թվականի հունիսի 14-ին Ստամբուլի Վճռաբեկ դատարանը կասեցրել է գործը՝ հետաքննության համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվելու հիմքով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքի է ենթարկվել նախնական կալանավայրում գտնվելու ժամանակ։ Դիմումատուն նաև բողոքել է, որ իրեն կալանավորելու ընթացքում ոստիկանության աշխատակիցները կոտրել են իր արմունկը և ֆիզիկական վնաս են հասցրել իրեն։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։  Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 10․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշված գումարները պետք է  փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ