Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երեւանում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԵՄ համաֆինանսավորմամբ «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության եւ թափանցիկության հզորացում» ծրագրի փակման արարողությունը եւ մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» 2017-2020թթ. ծրագիրը։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, ՀՀ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Պետեր Դինայգերը եւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել  նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նշվել է, որ ԵՄ օժանդակությունը «Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության եւ թափանցիկության հզորացում» ծրագրին կազմում է 880,000 եվրո։ Իրավական համակարգի առնչությամբ նպատակային թիրախները եւ ՎՊ-ի աուդիտի հիմնական գործընթացները հզորացվել են INTOSAI- ի ստանդարտների եւ եվրոպական լավագույն փորձի համաձայն։

«Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Պետեր Դինայգերը, կարեւորելով փոխընբռնման հուշագրի ստորագրումը, նշել է, որ այն նոր փոխգործակցության հիմնաքար կդառնա։

Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը լուրջ հաջողությունների է հասել հանրային ֆինանսների կառավարման համակարգում։ Բարեփոխվել է ֆինանսների հավաքագրման ոլորտը, պետական ծախսերի բնագավառում բարձրացել են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, նշել է Պետեր Դինայգերը եւ հավելել, որ ՀՀ կառավարությունն ունի ֆիսկալ բազա եւ կարող է ապահովել 2017-22թթ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը։

Պետեր Դինայգերը նաեւ վստահություն է հայտնել, որ համատեղ գործակցությամբ արդյունավետ կիրականացվեն նախատեսված բոլոր առաջադրանքներն ու ծրագրերը։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով գործակցությունը ԳՄՀԸ(GIZ)-ի հետ, նշել է, որ վերջին տարիներին ԳՄՀԸ(GIZ)-ը մեր երկրի տարբեր բնագավառներում բազմաթիվ լայնածավալ եւ արդյունավետ ծրագրեր է իրականացրել, որոնք նպաստել են Հայաստանի զարգացմանը։

Գագիկ Մինասյանը խորհրդարանի եւ ԳՄՀԸ(GIZ)-ի գործակցությունն արդյունավետ ու բեղմնավոր է գնահատել եւ կարեւորել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի մշակման աշխատանքներին ԳՄՀԸ(GIZ)-ի փորձագետների մասնակցությունը։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ԳՄՀԸ(GIZ)-ի հետ գործակցությունը շարունակական է եւ առաջիկայում տեսանելի կլինեն արդյունքները։

Օրվա բանախոսները նույնպես կարեւորել են «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» 2017-2020թթ. ծրագրի մեկնարկն ու դրա նպատակային իրականացումը, ինչը կնպաստի հանրային ֆինանսների կառավարման համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն եւ մեր երկրի զարգացմանը։

Մեկնաբանություններ