Սպանել է իր ամուսնուն՝ ինքնապաշտպանության նպատակով․ ՄԱԿ

Ընթացիկ տարվա մայիսին Սուդանում Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան։ 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ դանակով հարվածել է իր ամուսնուն և սպանել նրան։

Նուրային ստիպողաբար ամուսնացրել են 15 տարեկանում։ Ամուսնությունից հետո նրան հաջողվել է երեք տարի շարունակ թաքնվել իր ազգականներից մեկի տանը։ Սակայն ի վերջո Նուրայի հայրը նրան խաբեությամբ վերադարձրել է ամուսնու տուն։ Նուրայի խոսքերով՝ ամուսինը բազմիցս նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել, հաճախ՝ 3 անձանց մասնակցությամբ։ Նուրան խոստովանել է, որ երբ իր ամուսինը փորձել է հերթական անգամ ֆիզիկական բռնություն կիրառել իր նկատմամբ, նա հարվածել է ամուսնուն այն նույն դանակով, որի միջոցով վերջինս սպառնացել է իրեն։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ- Հուսեյնը  կոչ է արել Սուդանի Բարձրագույն դատական խորհրդին, իշխանություններին և հանրությանը դատաքննության ժամանակ հաշվի առնել այն փաստը, որ Նուրան սպանել է իր ամուսնուն՝ ինքնապաշտպանության նպատակով։

Նուրա Հուսեյնի գործը և Սուդանում կանանց նկատմամբ տեղի ունեցող բռնության հաճախակի դեպքերը հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է աղջկա և նրա փաստաբանի հետագա ճակատագրով։

«Մենք կոչ ենք անում Սուդանի իշխանություններին և իրավապահ մարմիններին ապահովել Նուրա Հուսեյնի ֆիզիկական անվտանգությունը, հարգել նրա արդար դատաքննության իրավունքը և դատարանի հրապարակած որոշումը բողոքարկելու իրավունքը»,- շեշտել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը։

Այսպիսով, Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան և հայտնել են, որ նա կարող է բողոքարկել դատարանի կայացրած որոշումը 15 օրվա ընթացքում։ ՄԱԿ-ը կոչ է անում Սուդանի Բարձրագույն դատական խորհրդին պատշաճ կերպով հետաքննություն վարել և արդար դատաքննություն իրականացնել։ ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը նաև հավելել է, որ Նուրա Հուսեյնի հետ տեղի ունեցած դեպքը կարող է գենդերային բռնության դեմ պայքարի նոր ալիք բարձրացնել ոչ միայն Սուդանում, այլ՝ նաև շատ երկրներում։

Մեկնաբանություններ