Հայկ Մաշուրյանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը Սահմանադրության համապատասխանության հարցը պարզելու համար։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է․ «Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` (․․․) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.»։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-1427 որոշմամբ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով հայցվորը, դիմելով դատարան, պաշտոնապես ներկայացնում է պատասխանողի կողմից այս կամ այն վարչական իրավախախտումն առերևույթ կատարելու վերաբերյալ իր վարկածը կամ հիմնավոր ենթադրությունը և, բնականաբար, դրանից բխող պահանջը: Հետագայում նույն հայցվորը, պարտավոր չլինելով ներկայացնել որևէ հիմնավորում, կարող է հրաժարվել հայցից, այսինքն` չհաստատել իր նախկին պնդումները և այլևս չհավակնել դատարանից ստանալու իր կողմից ակնկալվող արդյունքը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ վարչական դատարանում գործ հարուցելու միակ հիմքը հայցն է (Օրենսգրքի հոդվ. 65): Միաժամանակ դա միակ դատավարական փաստաթուղթն է, որով պաշտոնապես ձևակերպվում են հայցի պահանջը հիմնավորող փաստերն ու փաստարկները, մասնավորապես՝ արդյոք տվյալ անձը մեղավոր է իրավախախտում կատարելու համար, և արդյոք նա ենթակա է դատական կարգով վարչական պատասխանատվության: Ուստի հայցից հրաժարվելը հանգեցնում է ոչ միայն սոսկ դատավարական հետևանքների, այլև անխուսափելիորեն հանգեցնում է դրա նյութական հիմքերի վերացմանը: Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով հայցից հրաժարվելը պետք է մեկնաբանվի և ընկալվի բացառապես այն իմաստով, որ հայցվորը (պետությունը՝ ի դեմս վարչական մարմնի) այդ գործողությամբ, ըստ էության, ընդունում է ենթադրյալ վարչական իրավախախտման փաստի բացակայությունը կամ պատասխանողի՝ դրան առնչակից չլինելը, ներառյալ՝ իրավախախտում կատարելու համար նրա մեղավորության բացակայությունը: Այսինքն՝ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճման պարագայում պատասխանողը ոչ միայն չի ենթարկվում պատասխանատվության, այլև փաստացի արձանագրվում է նրա անմեղությունը, և նա ըստ էության «արդարացվում է»՝ անկախ տարբեր դատավարություններին հատուկ եզրութաբանությունից:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև վարչական դատավարության շրջանակներում հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճման պարագայում պատասխանողի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության բավարար երաշխիքների առկայության հարցին: Դա նախևառաջ կարևորվում է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում: Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի փետրվարի 10-ի ՍԴՈ-1190 որոշմամբ արձանագրել է՝ «….գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով….»: Զարգացնելով իր իրավական դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ տեղ կգտնեն պատասխանողի անմեղությունը կասկածի տակ դնող կամ նրա իրավաչափ շահերն այլ կերպ խախտող դրույթներ, պատասխանողն արդյունավետ հնարավորություն ունի դատական կարգով ներկայացվող բողոքի միջոցով հայցել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը։