ՍԴ նախագահը կմասնակցի Սահմանադրական արդարադատության երրորդ համաշխարհային կոնգրեսին

WCCJ2014թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Սեուլում (Հարավային Կորեա) կընթանա սահմանադրական արդարադատության Համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարը (3rd Congress of the World Conference on Constitutional Justice), որին անդամակցում են աշխարհի 92 երկրի սահմանադրական և գերագույն դատարաններ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայության տեղեկացմամբ, համագումարի աշխատանքներին կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ում նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա համաշխարհային այդ հեղինակավոր կազմակերպության բյուրոյի նիստը։ 

Համաշխարհային խորհրդաժողովի` «Սահմանադրական արդարադատությունը և սոցիալական ինտեգրումը» խորագիրը կրող 3-րդ համագումարի շրջանակներում քննության կառնվեն հետևյալ հիմնախնդիրները.

  • Սոցիալական ինտեգրման մարտահրավերները գլոբալացվող աշխարհում,
  • Սոցիալական ինտեգրման միջազգային չափանիշները,
  • Սոցիալական ինտեգրմանը նպաստող/ինտեգրումն ամրապնդող սահմանադրական միջոցներ,
  • Սահմանադրական արդարադատության դերը սոցիալական ինտեգրման գործընթացում:

Սահմանադրական արդարադատության Համաշխարհային խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախաձեռնությամբ: Համաշխարհային խորհրդաժողովը սահմանադրական արդարադատության բնագավառում աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է, որը միավորում է տարբեր երկրների սահմանադրական դատարաններ, սահմանադրական խորհուրդներ և գերագույն դատարաններ: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել սահմանադրական արդարադատության (սահմանադրական վերահսկողության` այդ թվում և մարդու իրավունքների ոլորտում նախադեպային իրավունքի առնչությամբ) զարգացմանը` որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հիմնական բաղադրիչ:

Սահմանադրական արդարադատության Համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարի վերաբերյալ առավել մանրամասն` համագումարի կայքում:

LegalInfo

Մեկնաբանություններ