Դիմումատուները՝ Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանը, ազգությամբ հայ են: Նրանք բնակվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում։ Գործը վերաբերում է Դիմումատուների որդու մահվան դեպքին։ Նրանց որդին՝ 1990 թվականին ծնված Մանվել Սարիբեկյանը, ձերբակալվել է Ադրբեջանում 2010թ․-ի սեպտեմբերին: Նրա ընտանիքի անդամները նշել են, որ նա մառախուղի պայմաններում փայտ ու թափառող անասուններ փնտրելիս պատահաբար հատել է սահմանը, սակայն, Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են հարևան ադրբեջանական գյուղում դպրոցը պայթեցնելու փորձի մեջ և նրան «դիվերսանտ» են ներկայացրել:
Մանվելին տեղափոխել են Բաքվի Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչություն, իսկ հետո՝ բանտախուց, որտեղ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին նրան գտել են մահացած: Ադրբեջանի իշխանությունները հաղորդել են, որ նա ինքնասպանություն է գործել: Սարիբեկյանի դին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է նոյեմբերի 4-ին` նրա մահից 1 ամիս անց։ Այնուհետև, քրեական հետաքննություն է սկսվել:
Դատաբժշկական փորձաքննությունից հետո եզրակացության մեջ հայտնաբերվել են վնասվածքներ Սարիբեկյանի պարանոցի, գլխի և մարմնի վրա: Հայաստանի գլխավոր դատախազը իրավաբանական օգնություն ստանալու պահանջով դիմել է Ադրբեջանին։ Բայց քանի որ այն անպատասխան է մնացել, նախաքննությունը դադարեցվել է 2011թ․-ի դեկտեմբերին:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում կատարված հետաքննությունը պարզել է, որ 2011թ․-ի հունվարին Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել։ Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ Սարիբեկյանին տեղափոխել են պատշաճ պայմաններով բանտ, և որ վերջինս երբեք խոշտանգումների չի ենթարկվել։
Դիմումատուները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ 2011թ.-ի հունիսի 10-ին։ Որպես Դիմումատուների ներկայացուցիչներ դատարանում հանդես են եկել փաստաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը։ Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումներ։ Դիմումատուները պնդել են, որ իրենց որդուն խոշտանգել և սպանել են Ադրբեջանի կալանավայրում, որ Ադրբեջանի իշխանություններն արդյունավետ քննություն չեն իրականացրել և որ ենթադրյալ խախտումները տեղի են ունեցել էթնիկ ծագման հիմքով պայմանավորված խտրականության պատճառով:
Հունվարի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան գործով տեղի են ունեցել մի շարք խախտումներ։ Դատարանը բավարարել է «Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բողոքը։
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը Դիմումատուներին որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է վճարի 60 հազար եվրո, ինչպես նաև 2․200 եվրո՝ դատական ծախսերի համար։ Դատարանն իր դիրքորոշման մեջ նշել է, որ Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածների խախտումների մասով բողոքի առանձին քննության անհրաժեշտություն չկա։ Դատարանը հաշվի է առել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա թշնամանքի և լարվածության ընդհանուր համատեքստը և որոշել է, որ Դիմումատուների որդու մահվան գործով հետաքննությունը հավուր պատշաճի չի իրականացվել, ուստի՝ հնարավոր չի եղել պարզել, թե արդյոք էթնիկ ծագումով պայմանավորված ատելությունն է եղել Սարիբեկյանի մահվան պատճառներից մեկը, թե վերջինիս նկատմամբ կիրառված խոշտանգումները: