Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշեց, որ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ղեկավարությունը դիմումատուին պետք է վճարի 5000 եվրո գումար նյութական և ոչ նյութական վնասի համար և 30․000 եվրո` որպես կողմի կատարած ծախսերի փոխհատուցում։
Դիմումատուի կողմից 2006 թվականին ներկայացված դիմումի համաձայն նա բողոքել էր, որ 1992 թվականին հայ-ադրբեջանական բախման ժամանակ Դիմումատու Սարգսյանը ստիպված է եղել հեռանալ իր հայրենի քաղաքից՝ Շահումյանից և հետագայում իրեն չի թույլատրվել վերադառնալ հայրենիք, հետևաբար զրկված է եղել նաև իր սեփականությունը տիրապետելու, տնօրինելու ու օգտագործելու իրավունքից։
16/06/2015 վճռով Եվրոպական դատարանը գտել էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն), Կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ հոդվածների (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) շարունակվող խախտում: