«Սասնա ծռեր» 11 անդամների  գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալի վիճակը ծանր է

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով առաջին  դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների մասով՝ ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիշչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործերը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանը դատական նիստի մեկնարկից առաջ վատացավ, ինչ պատճառով դատավոր Արտուշ Գաբրելյանը ընդմիջեց նիստը և շտապօգնություն հրավիրեց:

Նիստի վերսկսվելուն պես Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալը բողոքում էր սրտի շրջանում ծանր ցավերից. «Ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանը անազատության մեջ ստենդավորվել է, բայց դեղորայքային բուժում չի ստացել»,-հայտնեց դատավորը։

Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ խոսել է  նաև շտապօգնության բժշկի հետ ով  ասել է, որ պետք է Խաչատուր Գիշչյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց և շտապ վիրահատության անհրաժեշտություն կա։

Դատական նիստին ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանի առողջական վիճակի վատացման պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ