«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ «Դեդ»-ը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

Նիստի մեկնարկին դատավոր Արշակ Վարդանյանը դատական կողմերին հայտնեց, որ դատարան է ստացվել ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մարտիրոս Հակոբյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, մասնավորապես, ամբաստանյալը տառապում է անոթային լուրջ խնդիրներով:

Հիշեցնենք, որ  մոտ մեկ ամիս է ինչ Մարտիրոս Հակոբյանը ստացիոնար բուժում է ստանում «Էրեբունի» ԲԿ-ում, վերջինս այդ հանգամանքով պայմանավորված չի ներկայանում դատարկան նիստերին:

Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդեց փոխել վերջինիս  խափանման միջոց կալանքը և վերջինիս գրավի դիմաց ազատ արձակել, փաստաբանը առաջարկեց գրավ 500 000 ՀՀ դրամի չափով:

«Այսքան ժամանակ առկա չի եղել որեւէ հիմք՝ իմ պաշտպանյալին անազատության մեջ պահելու համար։ Բոլոր այն ենթադրությունները, որ ազատության մեջ գտնվելով Հակոբյանը կխուսափի դատավարությունից կամ կխոչընդոտի արդար դատաքննությանը, հիմնված չէ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով արտացոլված փաստական հանգամանքների հետ։ Խնդրում եմ ավել գումար չսահմանել, քանի որ Մարտիրոս Հակոբյանին առաջիկա ժամանակներում բուժման համար դեռ գումար անհրաժեշտ կլինի»,- միջնորդեց երվանդ Վարոսյանը:

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը, նշեց միայն, որ  ամբաստանյալի առողջական վիճակը նվազեցնում է վտանգը, որ ազատության մեջ գտնվելով նա կցուցաբերի ոչ պատշաճ վարքագիծ և կխոչընդոտի արդար դատաքննությանը։

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց միջնորդությունը բավարարելու մասին որոշումը, արդյունքում Մարտիրոս Հակոբյանը ազատ կարձակվի ոչ թե 500 000 ՀՀ դրամ գրավի դիմաց, այլ 1 000 000 ՀՀ դրամի դիմաց:

Հիշեցնենք, Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:

 

Մեկնաբանություններ