Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին ներկայացվեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն։ Վերջինիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը որպես միջնորդության հիմքեր նշեց նրա առողջական վիճակը, հավաստիացրեց, որ ազատության մեջ գտնվելով Արթուր Մելքոնյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի։ Փաստաբանը նաև նշեց, որ Արթուր Մելքոնյանը իր խնամքին ունի երեք երեխա, իսկ նրա ընտանիքն ապրում է մոր ստացած թոշակով:
Մեղադրողը միջնորդությանը չառարկեց, հիմք համարելով իրավիճակի փոփոխությունը։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց միջնորդությունը բավարարելու մասին որոշումը։
Արթուր Մելքոնյանի նկատմամբ ընտրվեց այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։