Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։
Հավելենք, որ նիստի մեկնարկին դատարանը հրապարակեց Խաչատուր Գիչյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց հիման վրա վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց Խաչատուր Գիչյանի Խափանման միջոցը փոխել։
Դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ միջնորդությունը բավարարեց և Խաչատուր Գիչյանի նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ նույն միջնորդությունը արեց իր պաշտպանյալի համար։ Պաշտպանը դատարանին առաջարկեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավով, որպես գրավի չափ առաջարկելով 1 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանը, որպես հիմք, նշեց Մանվել Աթոյանի 4 տարեկան երեխա ունենալու փաստը, ինչպես նաև ասաց, որ վերջինս ոտքի խնդիր ունի, սակայն համապատասխան բժշկական փաստաթղթեր չունեն։ Կարո Եղնուկյանը դատարանին հիշեցրեց Մանվել Աթոյանի 4 տարեկան երեխայի փաստը. «Աթոյանը 4 տարեկաներեխա ունի և երեխան իր կյանքի կեսը հորը չի տեսել»։
Պաշտպան Անուշ Մխիթարյանը միացավ միջնորդությանը և հիշեցրեց, որ երկրում իրադրություն է փոխվել. «Նշված քաղաքական իրադրության փոփոխումը հիմք է նրանց խափանման միջոցի փոփոխման համար»,-ասաց նա։ Մանվել Աթոյանըիր հերթին հիշեցրեց, որ ինքը այս դատական նիստերի ողջ ընթացքում ոտքի չի կանգնել դատարանի առաջ, սակայն հիմա կանգնում է. «Երբեք մի վախեցեք ժանգոտ թասը քերելուց. վախենալու ոչինչ չկա»,-ասաց նա։
Մեղադրող Հակոբ Ենոքյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ իրավաբանության մեջ պետք է զերծ մնալ էմոցիաներից։ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց մեղադրողնեից չհիմնավորված առարկելու համար։ Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշում՝ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ։ Մանվել Աթոյանի նկատմամբ ընտրեց այլընտրանքային խափմանման միջոց՝ գրավ 1 մլն ՀՀ դրամի չափով։
Հիշեցնենք, որ Մանվել Աթոյանը մեղադրվում է որոշակի հեռախոսազանգերի միջոցով «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։