«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանները շարունակում են գործադուլը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Այսօրվա նիստին՝ բացի հանրային պաշտպաններից,  չէին ներկայացրել «Սասնա ծռեր»-ի մյուս պաշտպանները: Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ դատարանին գրավոր կերպով հայտնել էր, որ շարունակում է իրականացնել գործադուլ ընդդեմ  փաստաբանների նկատմամբ կիրառվող դատական տուգանքի:

Դատավորը փորձեց իմանալ կողմերի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտնեցին, որ իրենք առանց իրենց պաշտպանների չեն ցանկանում մասնակցել նիստին:

«Ընկեր Մակյան կուզեմ իմանամ էս ձեր գերիներին, ե՞րբ եք ազատելու: Ինձի պաշտպան պետք չի, ինձի հարձակվող ա պետք, ես գտնում եմ, որ մեր պաշտպանները ճիշտ են և ես միանում եմ իրենց գործոդուլին: Իրանք հանուն մարդու իրավունքների ամեն ինչի պատրաստ են, մեռնեմ իրանց: Առանց իրանց ես ստեղ ոչինչ չունեմ անելու»,- իր դիրքորոշումը հայտնեց Արայիկ Խանդոյանը:

Սեդրակ Նազարյանն էլ հայտնեց դտարանին՝ «առանց փաստաբանների ոչ մի բան չեք կարող անել»:

«Սասնա ծռեր» խմբի անդամների դիրքորոշումը լսելուց հետո դատավորը ցանկացավ լսել նաև մեղադրող կողմի դիրքորոշումը, սակայն նիստերի դահլիճում բոլորը սկսեցին խոսել, սակայն լսելիության բացակայության պատճառով չկարողացանք հասկանել, թե ինչ խոսաքկցություն էր ընթանում:

Այդ ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց Գագիկ Եղիազարյանի նկատմամբ՝ 20 ժամով նրան հեռացնելով նիստերի դահլիճից: Վերջինս մեղադրող դատախազներին ավանել էր «Մինի Մեջլիսի դատախազներ», ինչը դատավորը որակեց որպես վիրավորանք դատախազների նկատմամբ:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ դատարանին հայտնեց, որ մեղադրյալների պաշտպանությունն ապահովելու   համար դատարանը պետք է գործում ներգրավի այլ պաշտպաններ:

Նշենք, որ նիստին ներկայացել էր նաև Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, վերջինս ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ՝ նշելով, որ այս դատական նիստը պետք է հետաձգվի:

«Առանց փաստաբանների դատական նիստը շարունակելն անհամատեղելի է, քանի որ խախտվում է պաշտպանության իրավունքը: Ինձ թվում է փաստաբանների չներկայանալը նիստին դատարանի համար նորություն չէ: ՀՀ Ազգային ժողովը փորձում է մի քանի փաստաբանների նկատմամբ իրականացնել հաշվեհարդար: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս գործողությունն ուղղված է կոնկրետ մեր փաստաբանների դեմ: Ես նույնպես թողնում եմ դատական նիստերի դահլիճը, ես նույնպես գտնվում եմ գործադուլի մեջ»,- ասա նա:

Հարություն Բաղդասարյանը որոշեց լքել նիստերի դահլիճը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հետաձգել նիստը և «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությունն ապահովելու համար դիմել Փաստաբանների գրասենյակ՝ գործում հանրային պաշտպաններ ներգրավելու համար:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 21-ին: