Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով ևս մեկ անդամ ազատ արձակվեց։
Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց փաստաբան Հայարփի Սարգսյանի միջնորդությունը և պատգամավորների անձնական երաշխավորությամբ՝ 1 մլն դրամ գրավի դիմաց, Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոփոխվեց։
Այսօրվա նիստի մեկնարկին դատարանը՝ նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նաև կարդաց առավոտյան ստացված Հովհաննես Հարությունյանի դատաբժշկական եզրակացության արդյունքները։ Ըստ փորձաքննության արդյունքների Հովհաննես Հարությունյանն ունի առողջական լուրջ խնդիրներ. «Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՕԱԿ-ը դատարանին հայտնեց, որ ամբողջ փորձաքննության վրա ծախսվել է 69 400 ՀՀ դրամ, որի արդյունքում Հովհաննեսի մոտ հայտնաբերվել է աջ մեծ ոլորքի պրոքսիմալ հատվածի ոչ ճիշտ սերտաճած հրազենային, ներհոդային բեկորային կոտրվածք, ինտակտ օտար մարմինների առկայություն՝ ծնկահոդի շրջանում՝ առանց ինֆեկցիա, և այլն։ Այս պահին Հարությունյանը կարիք ունի կոնսերվատիվ, ֆիզիոթերապևտիկ բուժման՝ համապատասխան բուժհաստատության պայմաններում»,- ասաց Արշակ Վարդանյանը՝ հավելելով, որ փորձաքննության արդյունքից ելնելով՝ հստակ պատասխան չէր տրվել՝ արդյոք շարունակական կալանավորման դեպքում Հովհաննեսի Հարությունյանի առողջական վիճակը կվատթարանա՞։
Պաշտպան Հայարփի Սարգսյանը միջնորդության հիմքում առողջական վիճակին անդրադարձավ, ինչպես նաև հավելեց, որ իր պաշտպանյալի համար անձնական երաշխավորություն են ներկակացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Նաիրա Զոհրաբյանը։ Պաշտպանը նաև դատարանին հայտնեց, որ 2016թ. հուլիսի 26-ի մահափորձից հետո, իր պաշտպանյալը մինչ օրս ոչ միայն բուժում չի ստացել, այլ նաև գտնվել է անմարդկային պայմաններում։
Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը, ավելին՝ Հակոբ Ենոքյանն ասաց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները հիմք են տալիս միջնորդությունը բավարարելուն։
Այս պահին շարունակվում է ապացույցների հետազոտման փուլը։