Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամներին՝ Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Արթուր Մելքոնյանին, Տիգրան Սարգսյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին, Կարո Եղնուկյանին և Խաչատուր Գիչյանին դատարան չէին բերել։Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չբերելու պատճառն ուղեկցող գումարտակի Շենգավիթի դատարանում լինելու փաստն է:
«Եթե ամբաստանյալ չկա, նիստ չի կարող տեղի ունենալ»,- ասաց դատավորը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով նիստի ավարտից հետո աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան, ինչի արդյունքում վերջիններս չեն տեղափոխվել ՔԿՀ-ներ և ուղեկցող գոկմարտակը նրանց հետ գտնվում է Շենգավիթի դատարանում։
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդեց, որ նիստը ընդմիջվի և դատավորը հստակ ճշտի արդյոք հնարավոր չէ «Սասնա ծռեր»-ի անդամներին բերել դատարան:
Խաչատուր Գիշչյանի հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը ևս միացավ միջնորդությանը և նույնը պահանջեց իր պաշտպանյալի համար։
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը ևս միացավ միջնորդությանը։ Գրշա Բալասանյանը, Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը և Արայիկ Պապիկյանը ևս միացան։
«Սա սաբոտաժ է, որպեսզի մարդկանց հնարավորություն չտան ներկայանալ դատարան: Մյուս դատական նիստերով բերում են, ձեր դատական նիստերին չեն բերում: Ի՞նչ է նշանակում՝ մեքենա չկա ամբաստանյալներին դատարան բերելու համար, կամ ուղեկցող չկա ուղեկցողները մնացել են դատարանում: Դա պետության պարտականությունն է, պետք է ապահովեր ամբաստանյալների ներկայությունը: Սա կյանքի ու մահվան հարց է, առաջարկում ենք ընդմիջում, և պահանջեք, որ բերեն ամբաստանյալներն»,- ասաց պաշտպան Նինա Կարապետյանցը:
Մեղադրող Հակոբ Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ, նշելով,որ դատարանը իրավազոր չէ պահանջել ամբաստայալների դատարան բերելու մասին որոշում կայացնել։
Տիգրան Հայրապետյանը դատավորին կոչ արեց, որ չենթարկվի դատախազության անհեթեթ կոչերին. «Դատավորը նույնիսկ իրավասություն ունի առանց նիստ հրավիրելու Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխի։ Մենք հիմա նոր հայաստանում ենք ապրում, որտեղ մարդու իրավունքն առաջնայինն է։ Դատախազը փոխանակ հարգի մարդու իրավունքը՝ անտրամաբանական հայտարարություններ է անում»,-ասաց փաստաբանը։
Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել, նշելով, որ Շենգավիթի դատարանը շրջափակման մեջ է, ուստի հարավորոթյուններ չէ ուղեկցեն այս գործով ամբաստանյալներին։