Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շոնգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ, որն անակնկալի բերեց, ոչ միայն գործով անբաստանյալներին, այլ նաև ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին:
Պավլիկ Մանուկյանի խոսքերով` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ իրենք կապ չունեն:
«Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցի հեղինակն իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ՝ բանկոմատ բացելու խնդիր են ասում, դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների սպանության համար:
Դատական նիստի ընդմիջման ժամանակ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը լրագրողներին հայտնեցին, որ Պավլիկ Մանուկյանի արած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ Մխիթար Ավետիսյանի և Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագամավորների երաշխավորությամբ, և վերջիններս ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Ընդմիջումից հետո «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ հայտնեց, որ իրենք չեն կիսում Պավլիկ Մանուկյանի կարծիքը:
«Հայտարարությունը մեր բոլորի տեսակետը չէ, պարոն Մանուկյանի անձնական հայտարարությունն է, ընդհանուր խմբի հետ համաձայնեցված չէ և ընդհանուր տեսակետ չի արտահայտում»,- ասաց նա:
Այնուհետև, փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդության համաձայն, դատական նիստը հետաձգվեց, վերջինս դատարանին հայտնեց, որ պաշպանական կողմը քննարկելու բան ունի: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ որոշեց հետաձգել նիստը: