Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը հանդես եկավ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությամբ՝ ներկայացնելով Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էյնֆիաջյանի, Շաքե Իսայանի եւ Հակոբ Նազարյանի անձնական երաշխավորությունները։
Փաստաբանի խոսքերով Գագիկ Եղիազարյանն ունի այնպիսի հանգամանքներ, որոնց պարագայում չի խախտի դատավարական պարտականությունները։
Նշենք, որ պատգամավորներից յուրաքանչյուրը Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար վճարել են 500 հազարական ՀՀ դրամ գումար, վերջիններս ներկայանալով դատարան վերահաստատեցին իրենց դիրքորոշումները։
Դատարանը որոշեց բավարարել ներկայացված միջնորդությունը եւ ազատ արձակել Գագիկ Եղիազարյանին։
Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Եգորյանը նախկինում եւս հանդես էր եկել Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել էր այն։
Այնուհետև Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդությամբ հանդես եկավ վերջինիս պաշտպան Ազատ Շահբազյանը՝ ներկայացնելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էյնֆիաջյանի եւ Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունները։
Դատախազ Արամ Արամյանն էլ դատարանին խնդրեց հետաձգել այդ միջնորդության քննությունը և միջնորդեց փոփոխել ապացույցների հաջորդականությունը՝ Պավլիկ Մանուկյանին հարցաքննելու համար, օրերս իր կատարած հայտարարության հետ կապված՝ նշելով, որ հարցաքննությունն ավելի առաջնային է։
Փաստաբան Ազատ Շահբազյանն էլ հայտնեց, որ Պավլիկն արդեն 2 տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ և դատախազը փորձում է այս միջնորդությամբ ճնշում գործադրել նրա նկատմամբ։
«Իմ խափանման միջոցը չի խաթարելու դատավարությունը»,- այս մասին էլ ասաց Պավլիկ Մանուկյանը՝ հայտնելով, որ դատախազի միջնորդությունն անհիմն է և ինքը չի պատրաստվում ցուցմունք տալ։
Դատարանը գտավ, որ դատախազի միջնորդությունը հիմնավոր է և որոշեց հարցաքննել Պավլիկ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ պատահական կրակոցի հեղինակը, որի պատճառով ձեռքից վիրավորում ստացած ոստիկանը մահացել էր՝ ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը։