Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօրվա նիստին՝ դատավորի դիմումի համաձայն, դատարան էին ներկայացել փաստաբաններ Հանրային պաշտպանի գրասենյակից: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալներ Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Կարո եղկնուկանին Արթուր Մելքոնյանին, Տիգրան Սարգսյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանինին, Մանվել Աթոյանին և Վարդգես Գևորգյանին նիստերի դահլիճ հրավիրեց՝ հանրային պաշտպան ներգրավվելու մասին կարծիք լսելու նպատակով: Ամբաստանյալները դեմ եղան հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանին և Անուշ Մխիթարյանին գործի մեջ ներգրավվելու փաստին և հայտնեցին, որ իրենք իրենց պաշտպաններից հրաժարվել են ժամանակավոր, որպեսզի տապալեն դատական նիստը. «Մենք այդ քայլին գնացել ենք քանի որ մեր հացադուլավոր ընկերների արդարացի պահանջը չի բավարարվել»,-ասաց Արթուր Մելքոնյանը:
Ամբաստանյալները նախագահող դատավորին հայտնեցին, որ հանրային պաշտպանների ծառայություններից օգտվել չեն ցանկանում և իրենց նախկին պաշտպաններին են պահանջում. «Հաճելի խինդով աչքեր ունեք, բայց ձևական բաների հետևից մի՛ ընկեք ու նիստը մի ձգձգեք: Մենք մեր նախկին պաշտպաններին ենք ուզում: Իմ պաշտպանն Արայիկ Պապիկյանն է՝ կարգին տղա է, մյուսների ցավն էլ տանեմ»,-հայտարարեց Աշոտ Պետրոսյանը:
Դատավորը ներս հրավիրեց ամբաստանյալների պաշտպաններին, ամբաստանյալներն էլ իրենց հերթին հաստատեցին, որ ցանկանում են վերջիններս ստանձնեն իրենց պաշտպանությունը, այնուամենայնիվ դատավորը, առանց ամբաստանյալների կարծիքը հաշվի առնելու՝ գործի մեջ ներգարվեց նաև հանրային պաշտպաններին, ինչը զայրույթ պատճառեց ոչ միայն ամբաստանյալների, այլ նաև պաշտպանների շրջանում: Դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց ամբաստանյալներին, քանի որ նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառված:
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդեց, որպեսզի դատավորը հանրային պաշտպաններ գործի մեջ ներգրավվելու որոշումը չեղարկի:
«Ճիշտ է՝ մեր քաղաքական այրերը սիրում են մեր երկիրը Սինգապուրի հետ համեմատել, բայց մեր երկիրը դեռ Սինգապուրը չէ, որ պետության միջոցները կարողանանք քամուն տալ»,-հայտարարեց Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը: Պաշտպանը հիշեցրեց, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատավորներից Արթուր Օհանյանը սիրում է մեջբերումներ անել Փաստաբանի վարքագծի կանոնագրքից, արդյունքում ինէն էլ Արտուշ Գաբրիելյանին հորդորեց հետևել Դատավորի վարքագծի կանոնագրքին և վերանայել վարքագիծը. «Շատ վիրավորական է երբ «զապասով» եք վերաբերվում պաշտպաններին, եթե այդպես եք վարվում, ապա չեմ տեսնում «զապաս» դատավորին: Վերանայեք ձեր դիրքորոշումը պաշտպանական կողմի հանդեպ»:
Մեղադրող-դատախազներ Հակոբ Ենոքյանը և Արթուր Չախոյանը պաշտպանական կողմի պնդման հետ չհամաձայնեցին՝ ասելով, որ նաև հանրային պաշտպանի առկայությունը կօգնի առավել արդյունավետ կառավարել իրավիճակը:
Մեղադրոցների վերոնշյալ հայտարարույթունը զայրույթ պատճառեց պաշտպանական կողմին. «Ինչ-որ մեկը ցանկանում է, որ այս նիստերն ամեն գնով շարունակվեն: Դատախազն իր հայտարարությամբ վիրավորեց փաստաբանական համայնքին, իսկ դատախազների գործողություններն ուղղորդված են դատախազության կողմից և դատավորի այս որոշումը Գլխավոր դատախազի կողմից նախապես ծրագրված է եղել»,-հայտնեց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Եթե գլխավոր դատախազի վարկանիշը բարձր լիներ, այս գործը չէր էլ մտնի դատարան, քանի որ «Սասնա ծռերն» իրենց ապստամբության իրավունքն են իրացրել»,-հայտնեց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ փաստաբանը չէ, որ պետք է դատախազի վարկանիշի մասին գնահատականներ հնչեցնի. «Պաշտպանների կողմից ընդիմադիր հանրությանը հաճոյանալու միտում եմ տեսնում: Հանրության ընդդիմադիր զանգվածին հաճելի է նրանց կողմից լսել իշխանությունների հասցեին արվող դատապարտող հայտարարություններ»,-հայտեց նա, ինչին ի պատասխան փաստաբան Գրիշա Բալասանյանը հորդորեց չշփոթել նիստերի դահլիճը Ազգային ժողովի հետ:
Հանրային պաշտպաններին գործի մեջ ներգրավվելու որոշման չեղարկելու վերաբերյալ միջնորդությւոնը դատարանը մերժեց:
«Դուք մեզ և մեր գործընկերներին վերաբերվում եք որպես «զապաս պագրիշկա», ես որպես քաղաքացի լքում եմ դատական նիստերի դահլիճը»,-հայտարարեց Մուշեղ Շուշանյանը և լքեց դահլիճը, վերջինիս օրինակին հետևեցին Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը: Նիստը ընդմիջվեց մեկ ժամով, որպեսզիդատարանը որոշում կայացնի պաշտպանների վարքագծի վերաբերյալ: Ընդմիջումից հետո նրանց նկատմամբ սանկցիա կիրառվեց. նրանց պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ դատարանը կդիմի ՀՀ փաստաբանների պալատին:
Ընդմիջումից հետո ամբաստանյալներին նիստերի դահլիճ բերեցին: Ամբաստանյալներից Կարող Եղնուկյանը կրկին հայտնեց, որ չի կարողանում դատական նիստին ներկա գտնվել՝ առողջական խնդիրների վատթարացման պատճառով, և ցանկություն հայտնեց լքել նիստերի դահլիճը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չթույլատրեց վերջինիս լքել նիստերի դահլիճը, ինչի արդյունքում՝ նա առանց դատավորի թույլտվության լքեց նիստերի դահլիճը. դատավորը սանկցիա կիրառեց Կարո Եղնուկյանի նկատմամբ՝ նիստերի դահլիճից 3 ժամով հեռացման տեսքով:
Մյուս ամբաստանյալներն էլ կարծիք հայտնեցին, որ քանի դեռ իրենց ընկերներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի այլ ՔԿՀ տեղափոխվելու պահանջը ի կատար չի ածվել՝ իրենք կրկին լքում են նիստերի դահլիճը: Նիստերի դահլիճը լքելու համար դատավորը ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառեց՝ 4 ժամով նիստերի դահլիճից հեռացնելու տեսքով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 25-ին: