Սասնա ծռերի գործով հարցաքննվում են տուժողները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա ծռերի 10 անդամների գործով ցուցմունք ենք տալիս տուժողները։
Տուժող Խաչատուր Մուրադյանը, որն աշխատում է ՊՊԾ գնդում, դատարանին հայտնեց, որ դեպքի օրը 05:00-ի սահմաններում ինքն արթնացել է ուժեղ աղմուկից և փորձել է ճշտել, թե դա ինչ ձայն էր։

«Տեղիցս վեր կենալով տեսել եմ, որ դրսի դարպասը ընկած է գիտնին և ՊՊԾ գնդի տարածք է մտնում կռազ մակնիշի ավտոմեքենա»,- ասաց նա։

Տուժողի խոսքերով ինքն այնուհետև վազել է բակ և նկատել, որ զինված մարդիկ են ներխուժում գնդի տարածք, այդ ընթացքում ինքը վազել է և թաքնվել է արձանի ետևում.«Իմ հետևից բղավում էին կանգնիր, թե չէ կկրակեմ, սակայն ես վազում էի»,-դատարանին հայտնեց նա։

Տուժողի խոսքերով թաքնվելուց հետո իրեն են մոտեցել 2 հոգի, որոնցից ճանաչել է Սեդրակ Նազարյանին, հետո նրան տարել են զինանոցի դռան մոտ որպեսզի բացի դուռը, սակայն ինքը հայտնել է, որ բանալի չունի, իսկ դուռը բացվում է միայն ներսից, որից հետո իրեն տարել են այն սենյակ որտեղ գտնվել է բանալին։

«Ճանապարհին հանդիպել ենք իմ օգնականին, որը որովայնի հատվածում վիրավորում էր ստացել, նա ընկավ գետնին, ես փորձեցի օգնել, սակայն ինձ ասացին, որ ես ոչ մի բանի հետ գործ չունեմ, միայն վերցնեմ բանալիները եւ դուռը բացեմ»,- իր ցուցմունքում նշեց վերջինս։

Խաչատուր Մուրադյանի խոսքերով բանալիները վերցնելուց հետո, ինքը փորձել է ժամանակ շահել եւ դուռը չբացել, դա նկատելով Մխիթար Ավետիսյանը մոտեցել է իրեն և հարվածներ հասցրել, իսկ Պավլիկ Մանուկյանը հորդորել է դուռը բացել, այդ ընթացքում հետևից լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկն ասում «եկեք սրան սատկացնենք, ինքը մարդ չի, մարդու ծնունդ չի», սակայն Պավլիկ Մանուկյանն ասել է, որ իրեն ձեռք չտան, այնուհետև ինչ-որ մեկը բացել է զինանոցի դուռը եւ նրանք մտել են ներս, սակայն ինքը չի տեսել, թե դուռն ինչպես է բացվել։

Խաչատուր Մուրադյանի հարցաքննությունն ընդհատվեց: Նիստը կշարունակվի ժամը՝ 13:30-ին

 

Մեկնաբանություններ