Օրեր առաջ ՍԱՊԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի սեպտեմբերի 1-ից հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը կլինի պարտադիր պայման:
Օգոստոսի 8-ին սննդի շղթայում գործունեություն ծավալող 6 տնտեսվարող ընկերություններ, որոնք են` «Մարիլա», «Հովիկ», «Նատալի ֆարմ», «Գրանդ Քենդի», «Ալբերտ-Էլեն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սևանի հացի գործարան» փակ բաժնետիրական ընկերություններին պատկանող 37 փոխադրամիջոցներ արդեն ստացել են սանիտարական անձնագրեր:
Անդրադառնալով այս հարցին՝ սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հայտնեց, որ սա շատ լավ քայլ է, սակայն արդյունքի հասնելու համար պետք է նաև հետևողական լինել, քանի որ սննդի հարցում համակարգը պետք է անվրեպ աշխատի:
Ըստ պարոն Պողոսյանի շատ լավ կլինի, եթե ծրագիրը մշակելիս և իրականացնելիս ներգրավեին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, քանի որ այսօր Հայաստանում կա 4500 ՀԿ, որոնց առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է:
«Հասարակական, պետական և կոմերցիոն կառույցները պետք է միասին աշխատեն ռեգուլյար ռեժիմով: Եթե մենք մասնակից լինենք որևէ ստուգայցի` օբյեկտիվությունը միայն կաճի և դրական ազդեցություն կունենա»,- ասաց նա:
Խոսելով սանիտարական անձնագրեր տրամադրելու դրական կողմերի մասին՝ պարոն Պետրսայանը հայտնեց, որ դրանք զգոնություն կմտցնեն ոլորտում իսկ տնտեսվարողների կողմից միանշանակ զգուշավորություն կնկատվի:
«Եթե տնտեսվարողները տեղեկանան, որ 30 փոխադրամիջոց ունի այդ գրքույկը, դա կնշանակի, որ իրենք հայտնվել են ոչ բարենպաս պայմաններում և կձգտեն իրենք էլ ստանալ այդ սանիտարական գրքույկը»,- նշեց նա:
Չնայած, որ սանիտարական անձնագրեր են ստացել արդեն 37 փոխադրամիջոցներ, միևնույն է, 1 տարի անց այդ անձնագիրը կկորցնի իր ուժը և կրկին վերակնգնելու համար պետք է նորից անցնեն ստուգում այն ձեռք բերելու համար:
Նշենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 11-ից:
Նախատեսվում է, որ Երևանում սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ հանրապետության բոլոր մարզերում 2018 թվականի ապրիլի 1-ից:
Անդրադառնալով ժամկետներին՝ պարոն Պողոսյանն իր մտահոգությունը հայտնեց այս առումով. «Իմ կյանքի փորձը ցույց է տալիս, որ այդպիսի կարճ ժամկետում, այդքան ծավալուն աշխատանք կատարելը մի փոքր բարդ է և ոչ իրատեսական»,- ասաց նա:
Նյութը՝ Ելենա Արամյանի