Դիմումատուն՝ Մուշեղ Սաղաթելյանը, ծնվել է 1950 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալուն, ինչպես նաև՝ իրեն կալանավորելու և ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն կալանավորվել է՝ կառավարությունը բռնի կերպով տապալելու և պաշտոնյաներին հրապարակավ վիրավորելու համար:
2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ են տեղի ունեցել։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն նույնպես հանդիսացել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության ակտիվ կողմնակից։ Շարունակվող բողոքները և ցույցերը դադարեցնելու համար մարտի 1-ին ՀՀ ոստիկանության ուժերը ժամանել են Երևան քաղաքի Ազատության հրապարակ: Դիմումատուի խոսքերով՝ ոստիկանության ուժերը, առանց որևէ նախնական զգուշացման կամ հրամանի, հարձակվել են ցուցարարների վրա և դաժան կերպով ցրել են բողոքարարներին։ Դիմումատուի վկայությամբ՝ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ են տեղադրել Ազատության հրապարակում, իսկ հետո գրոհել են քաղաքացիների վրա։
2008 թվականի մարտի 1-ին Դիմումատուն կալանավորվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության բաժին բերման ենթարկելու մասին» արձանագրության տեղեկությունների համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին մոտավորապես ժամը 06։30-ին Դիմումատու Սաղաթելյանը Երևանի Գրիգոր Լուսավորիչ 1 փողոցից բերման է ենթարկվել 3 ոստիկանների կողմից և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Ոստիկանության աշխատակիցները մեղադրել են Դիմումատուին իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժգին դիմադրություն ցուցաբերելու, ապօրինի կերպով ցույցեր կազմակերպելու, ընդդիմության ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերելու և ոստիկանության հրամանները չկատարելու մեջ։ Սակայն Դիմումատուի խոսքերով՝ ոստիկանության ուժերի իրականացրած բռնի գործողությունների պատճառով ինքը և մյուս ցուցարարները ստիպված են եղել փախչել հրապարակից և մեքենա նստել։ Այնուհետև, 10-15 դիմակավորված անձինք ստիպել են Դիմումատուին դուրս գալ մեքենայից, ուժգին ծեծի են ենթարկել նրան և անգիտակից վիճակում տեղափոխել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Ոստիկանության բաժնում աշխատակիցները շարունակել են խոշտանգումների ենթարկել և խոսքով ու գործողություններով վիրավորանք հասցնել Դիմումատուին։ Մուշեղ Սաղաթելյանին ժամեր շարունակ ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով նա ծանր վնասվածքներ է ստացել, և նրան մի քանի անգամ բժշկական օգնություն են հատկացրել։ Այսպիսով, Դիմումատուն գտնվել է Ոստիկանության Երևան քաղաքի բաժնում 84 ժամ, ինչը հակասում է ՀՀ օրենսդրությանը։
Գործի շրջանակներում Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ անօրինական կերպով ցույցեր կազմակերպելու և իշխանության հեղաշրջման փորձ կատարելու համար։ 2008 թվականի մարտի 4-ին Դիմումատուն բողոք է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ իրեն մեղադրանք առաջադրելու և իր իրավուքները խախտելու վերաբերյալ, սակայն, ապարդյուն։
2008 թվականի մարտի 5-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է Դիմումատուին 2 ամսվա ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է իրեն ազատազրկելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։ Դատարանի որոշմամբ՝ 5 ամիս անց Դիմումատուին առաջադրված մեղադրանքները հանվել են վերջինիս վրայից։ Սակայն Դիմումատուին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու և ոստիկանության 2 աշխատակիցների վրա հարձակում գործելու համար։ Դիմումատուն կրկին բողոքել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն 2008 թվականի դեկտեմբերին նրա ներկայացրած բողոքը մերժվել է։ Ի վերջո, Դատարանը Դիմումատուին 5 տարվա ազատազրկման դատապարտելու և նրա նկատմամբ 900 հազար դրամ գումարի չափով տուգանք նշանակելու մասին վճիռ է կայացրել։
Օրենքով նշանակված պատժի կեսը կրելուց հետո՝ 2010 թվականի նոյեմբերին, Դիմումատուն ազատ է արձակվել։ Իր գործով դատավարության շրջանակներում Դիմումատուն բազմիցս բողոքել է ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին, սակայն, ապարդյուն։ Հայաստանի իշխանությունները նրա ներկայացրած բողոքների հիման վրա երբեք հետաքննության չեն իրականացրել և քրեական հետապնդում չեն հարուցել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։
Այսպիսով, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն բողոքել է իրեն կալանավորելու և ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան ծեծի և նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկվելու մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ իրեն ծեծի ենթարկած ոստիկանների ինքնությունը երբեք չի պարզվել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի խախտում։ Սաղաթելյանը բողոքել է օրինական հիմքերի բացակայության պայմաններում իրեն կալանավորելու որոշման մասին։ Դիմումատուն բողոքել է նաև ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատավարությունը ազատության մեջ լինելու իր իրավունքի խախտման մասին։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին, Մուշեղ Սաղաթելյանը բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Դատարանն իրեն ազատազրկման դատապարտելու մասին որոշում կայացնելիս հիմք է ընդունել միայն ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները՝ մերժելով վկաներին կանչելու վերաբերյալ Դիմումատուի ներկայացրած միջնորդությունները։ Դիմումատուն նաև բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում և 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, 11-րդ հոդվածի խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 15․600 եվրո գումարի չափով փոխհատուցում և 5․000 եվրո՝ դատական ծախսերի համար։
Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։