Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվում են

constitutioanl-court

06.06.2014-Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հունիսի 5-ին և 6-ին տեղի են ունեցել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից  կազմակերպված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումների հերթական` 4-րդ փուլը: Քննարկումները, որնոց կազմակերպմանն  ու անցկացմանը աջակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ), այս անգամ վերաբերում էին իշխանությունների բաժանմանը և հավասարակշռությանը, կառավարման ձևին, ընտրական իրավունքին և ընտրական համակարգին, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը առնչվող հայեցակարգային հիմնադրույթներին:

Մասնակցում էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, «GIZ»-ի ղեկավար Դագմար Բոթը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելլը, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Բարեփոխումների մասնագիտական խորհրդի անդամներ, ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ինչպես հաղորդում է արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնը, քննարկման ընթացքում Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը անդրադարձել է Սահմանադրությամբ իրավունքների գերակայության երաշխիքների ամրագրման, դրանց կառուցակարգային սահմանման կարևորությանը: Նա շեշտել է նաև, որ Սահմանադրությանը պետք է հաղորդել արժեքային ու ինստիտուցիոնալ այնպիսի բնույթ, որը հասարակական հարաբերությունների փոփոխություններին զուգընթաց կարողանա ապահովել էվոլյուցիոն զարգացում: Այս առումով, ըստ նրա, Մայր Օրենքը պետք է ներհատուկ լինի ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կայունությունը:

Ներկայացնելով Գերմանիայի օրինակը, Գ. Հարությունյանը փաստեց, որ այնտեղ լուծումը գտնված է: «Սահմանադրությունը պետք է լինի սոցիալական իրականության, ոչ թե այլ մոդելների արտացոլանք: Մեզ մոտ շեշտը դրվել է վիրահատական մոտեցումների վրա՝ բացառելով դրա էվոլյուցիայի դինամիկան», նշել է հանձնաժողովի նախագահը: Նա ընդգծեցլ է նաև իրավունքների գերակայության երաշխիքների և պետության հայեցողության հարաբերության բացը գործող Սահմանադրության մեջ՝ կարևորելով սահմանադրական երաշխիքների այնպիսի մեխանիզմ, որը կսահմանի դրանց իրավակարգավորման և իրավակիրառ պրակտիկան՝ նվազագույնի հասցնելով պետական իշխանության հայեցողական, սուբյեկտիվ մոտեցումները իրավունքների իրացման մեջ: «Հենց սահմանադրական հստակ մեխանիզմների բացակայությունը կարող է պետական իշխանության ներկայացուցիչներին իրենց իրավունքների վերազանցման լրացուցիչ հնարավորություններ տալ, դրա համար պետք է սահմանել հանրային իրավական պատասխանատվության ինստիտուտ դրանից խուսափելու համար»-ամփոփել է նա: ՍԴ նախագահը հավելել է նաև, որ Սահմանադրության գործառնականության հստակության համար ահնրաժեշտ է մտցնել դրա ինստիտուցիոնալ կարգավորիչներ, որոնք կամրապնդեն գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի ներդաշնակությունը, և այս շրջապտույտը հնարավորություն կտա ունենալ կայուն, դինամիկ և արժեքաստեղծ Մայր Օրենք:

Մեկնաբանություններ