Հաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները՝ «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու
Սահմանադրական դատարանի մասին նոր օրենք: «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի վերաբերյալ մանրամասն զրուցել ենք Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանի հետ:
–Ի՞նչ է իրենից ներկայացնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
-Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նախատեսեց, որ կան մի քանի օրենքներ, որոնք իրենց բնույթով սահմանադրական օրենքներ են հանդիսանում և ընդունվում են Ազգային ժողովի պատգամավորների ձայների 3/5-րդ մեծամասնությամբ: Այդ օրենքներից մեկը հենց «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է, որն այսուհետ պետք է ունենա Սահմանադրական օրենքի կարգավիճակ: Հենց այդ է պատճառը, որ անմիջապես Սահմանադրական փոփոխություններից հետո սկսեցին մշակվել այն բոլոր օրենքների նախագծերը, որոնցում սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված՝ փոփոխություններ էին ենթադրվում:
Այս գործընթացի շրջանակներում նախապատրաստվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որի առնչությամբ իհարկե դեռևս ընթանում են մշակման և վերանայման համապատասխան աշխատանքներ:
-«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի հեղինակներն ո՞վքեր են:
-Արդարադատության նախարարությունում ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որն աշխատում է նախագծի վրա: Նախագիծն արդեն իսկ ներկայացվել է Կառավարությանը, միևնույն ժամանակ, ինչպես նշեցինք, վերջինիս կատարելագործման առնչությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Նշեմ, որ ՝ նախագիծը ուղարկվել էր նաև Վենետիկի հանձնաժողով, և վերջինս համապատասխան նկատառումներ էր հայտնել Նախագծի և դրանում տեղ գտած կարգավորումների առնչությամբ: Նախագծի վերաբերյալ պարբերաբար իրենց տեսակետներն են հայտնում նաև ոլորտի գիտնականներ, փորձագետներ, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս բոլոր նկատառումները համախմբվում և համակարգվում են, և դրան համապատասխան՝՝ Նախագիծը շարունակվում է լրամշակվել:
–«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի անհրաժեշտությունն արդյո՞ք կար:
-Այո, քանի որ Սահմանադրական փոփոխություններից հետո փոփոխություններ կատարվեցին հենց Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի, վերջինիս լիազորությունների շրջանակի առնչությամբ, ուստի այդ նոր կարգավորումները պետք է իրենց տեղը գտնեին նաև համապատասխան օրենքում:Այդ օրենքը Սահմանադրական դատարանի համար «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն է: Հավելեմ նաև, որ ինչպես արդեն նշվեց այսուհետ հիշյալ օրենքը պետք է ունենա Սահմանադրական օրենքի կարգավիճակ: Ուստի «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական նոր օրենքի անհրաժեշտություն միանշանակ առկա է:
–Գործող ՍԴ օրենքն ի՞նչ բացթողումներ ունի, որը լրացվում է ՍԴ օրենքի նախագծում:
Սահմանադրական դատարանի մասին գործող օրենքը բավականին լավ օրենք է, որն իր «փորձությունն» անցել և արդյունավետությունը հիմնավորել է իր գործողության տարիների ընթացքում:: Օրենքում որոշակի կարգավորումներ եղել են, որոնք կատարելագործման կարիք են ունեցել, և նմանատիպ մի շարք կարգավորումներ արդեն իսկ փոփոխվել են գործող օրենքի համատեքստում՝ մինչ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծի մշակումը․ մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի որոշումների նոր տարատեսակ է ավելացվել, այն է՝ վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ uահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված uահմանադրաիրավական բովանդակությամբ Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին Որոշման այս տարատեսակն օրենքով դիտարկվել է որպես հիմք դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար և այլն:
Քանի, որ նոր նախագիծ էր մշակվում, փորձ կատարվեց նաև որոշակի գործող կարգավորումներ կատարելագործել: Դրանցից, օրինակ, կարելի է հիշատակել հետևյալը. այժմ «Սահմանադրական դատարանի մասին» գործող օրենքը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր ենբոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: : Հիշյալ կարգավորման վերաբերյալ անընդհատ խնդրահարույց էր դիտարկվում այն հարցը, թե արդյո՞ք որոշման միայն երզրափակիչ մասն է պարտադիր, թե՞ նաև պատճառաբանական մասում արտահայտված որոշակի իրավական դիրքորոշումները: Այդ պատճառով նախագծի շրջանակներում հիշյալ կարգավորումը որոշակիորեն փոխվեց, ավելի կատարելագործվեց և հստակեցվեց: Մասնավորապես նախատեսվեց, որ պարտադիր են Սահմանադրական դատարանի` գործով ըստ էության ընդունված որոշման ոչ միայն եզրափակիչ մասը, այլ նաև որոշման պատճառաբանական մասում քննության առարկա նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները:
Նախատեսվեց նաև, որ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտերի մշակումը և Ազգային ժողով ներկայացնելը:
–Ձեր կարծիքով, ի՞նչ բացթողումներ ունի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
-Նախագծի մշակման փուլում բացթողումների մասին խոսելն այդքան էլ կոռեկտ չեմ համարում այն պարագայում, երբ ինքս էլ որպես փորձագետ եմ հանդիսացել հիշյալ նախագծի նախապատրաստման ընթացքում: Ավելին, առկա խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկումների ընթացքում անընդհատ բարձրաձայնում եմինչպես ես, այնպես էլ ոլորտի այլ մասնագետներ և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Հատկանշական է այն, որ այս ընթացքում անընդհատ հնարավոր է լինում կատարելագործել նախագիծը: Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ ձեռնպահ կմնամ նախագծի բացթողումների առնչությամբ հստակ դիտարկումներ անելուց:
–Առաջին անգամ առաջարկվում է Սահմանադրական դատարանին վերապահել սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորությունը: Մանրամասնե´ք, խնդրեմ, ի՞նչ է իրենից նեկայացնում այս փոփոխությունը:
-Աշխարհի մի շարք Սահմանադրական դատարաններ ունեն սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի վերաբերյալ գործերը լուծելու հնարավորություն:
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում այս լիազորությունը վերապահվեց նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին: Իմ կարծիքով՝ սա Սահմանադրական բարեփոխումների կարևորագույն ձեռքբերումներից էր, որովհետև այս լիազորությունը ունի կարևորագույն նշանակություն հանրային իշխանության բնականոն գործունեության համար: Պատճառն այն է, որ սահմանադրական մարմինների միջև միշտ էլ իրենց լիազորությունների շրջանակներում Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ կարող են առաջանալ տարատեսակ վեճեր, և այդ վեճերը, բնականաբար, պետք է լուծում ստանան: Եթե չկա որևէ մարմին, որն իրավական դաշտում է այդ վեճը լուծում, բնականաբար վեճը սկսվում է լուծվել արդեն քաղաքական ոլորտում՝ կուլիսների ետևում: Իսկ դա շատ վտանգավոր տարբերակ է այն պայմաններում, երբ վեճը վերաբերվում է իրավական հարցին: Ակնհայտ է, որ սահմանադրական լիազորությունների առնչությամբ տարբեր մարմինների միջև առաջացող վեճերը, բնականաբար, իրավական հարթության շրջանակներում են գտնվում, առաջին հերթին՝ Սահմանադրության մեկնաբանության համատեքստում, և շատ կարևոր է, որպեսզի նման վեճերի լուծման հնարավորություն ունենա հարցին իրավական լուծում տալու իրավասություն ունեցող մարմին: ՀՀ-ում և մի շարք այլ երկրներում, որպես այդպիսին է դիտարկվում հենց Սահմանադրական դատարանը:
–Մինչ այս՝ սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերն ինչպե՞ս էին լուծվում։
– Նշեմ, որ նման վեճերին իրավական լուծում տալու առնչությամբ որևէ հստակ կարգավորում, ըստ էության, նախատեսված չէր: Բնականաբար, կարող էին լինել առանձին բնագավառին առնչվող ինչ-որ հատվածական կարգավորումներ, օրինակ, եթե օրենքի սահմանադրականության շրջանակներում էր վեճն առաջանում, համապատասխան մարմինները կարող էին դիմել Սահմանադրական դատարան, և այլն:, Սակայն ինչ վերաբերվում է հենց սահմանադրական լիազորության առնչությամբ սահմանադրական մարմինների միջև առաջացող վեճերի իրավական լուծման հստակ կառուցակարգերին, ապա նշեմ, որ նման թիրախավորված կարգավորում մինչ այս գոյություն չուներ:
–«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի փոփոխումն ի՞նչ արդյունք է նախատեսում:
-Հիշյալ սահմանադրական օրենքի ընդունման արդյունքում վերջինիս շրջանակներում իրենց արտացոլումը կստանան այն բոլոր փոփոխությունները, որոնք Սահմանադրական դատարանի և Սահմանադրական արդարադատության առնչությամբ են կատարվել Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում: իրենց արտացոլումը կստանանԱրդյուքում՝ կերաշխավորվի Սահմանադրական համապատասխան նորմերը կենսագործելու հնարավորությունը:
Սահմանադրական օրենքի ընդունման առավել գլոբալ արդյունքն այն կլինի, որ , օրենքում արտացոլված և կատարելագործված նորմերը, կնպաստեն սահմանադրական արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը, հետևաբար նաև՝ հանրային իշխանության բնականոն գործունեությանը:, Իսկ սահմանադրական արդարադատության պատշաճ մակարդակն անկասկած իրավական պետության կայացման և իրավունքի գերակայության երաշխավորման կարևորագույն գրավականներից է:
Հարցազրույցը՝ Ազնիվ Սիրադեղյանի