Հուլիսի 25-ին Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Գալպերինը:
Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի անդամ պետություն և պարտավոր է պարբերաբար զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին, որը բաղկացած է 10 անկախ փորձագետներից: Խոշտանգումների դեմ կոնվենցիան հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1984 թվականին։ Ներկայիս դրությամբ կոնվենցիան վավերացվել է 162 անդամ պետությունների կողմից։ Կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է չորս տարին մեկ զեկույց ներկայացնել՝ կոնվենցիայով սահմանված պարտականություններն իրականացնելու համար իր կողմից ձեռնարկված օրենսդրական և վարչական միջոցների վերաբերյալ: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ստեղծվել է 1987 թվականին:
Հիշեցնենք, որ Հայաստանը վավերացրել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականի հոկտեմբերի 13-ին։