«Ռեկտորի հրաժարականը կարող է լինել միայն 2 դեպքում». Արամ Սիմոնյանը պատասխանում է ուսանողների հարցերին

Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ուսանողները հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

Պատասխանելով ուսանողների հարցերին Արամ Սիմոնյանը հայտնեց, որ ԵՊՀ-ի տարածքը ազատ տարածք է և ԵՊՀ-ում փակ դռներ չկան,  բացի այդ ինքը երբեք ոչ մեկի չի արգելել իր մոտ մտնելու համար. «Ինձ մոտ ուզածդ ուսանող, աշխատակից, դրսի մարդ գալիս և անարգել մտնում է: Եղել են դեպքեր, որ ինձ մոտ մտել են անհավասաչակշիռ և վտանգավոր մարդիկ, և այդ բոլորից խուսափելու համար մենք զգուշություն ենք ցուցաբերում: Երբեք համալսարանում ելք ու մուտքի խնդիրը, թե ով է մտնում, ով դուրս գալիս չի վերահսկվել»:

Անդրադառնալով բաց հասարակության կողմից տրված գումարներին Արամ Սիմոնյանը նշեց, որ այդ գումարների զգալի մասը տրվել է գիտական դրամաշնորների ձևով:

Լսելով ուսանողների կողմից ներկայացված 4 պահանջները՝ Արամ Սիմոնյանը հայտնեց, որ այդ բոլոր պահանջներն իրավաչափ չեն. «Ռեկտորի հրաժարականը կարող է լինել միայն 2 դեպքում, երբ նա դիմում է տալիս, և, երբ հոգաբարձուների խորհուրդը ետ է կանչում նրան կամ քվեարկում է, որպեսզի նա թողնի պաշտոնը: Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով: Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին՝ այն ընտվել է կառավարության կողմից և հասցեատերը կառավարությունն է»,- ասաց նա:

Խոսելով ֆինանսկան աուդիտ անցկացնելու մասին, Արամ Սիմոնյանը հայտնեց, որ այն ևս կազմակերպվում է օրենքով՝ հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ, տարին մեկ անգամ. «Դա ոչ մի կապ չունի ռեկտորի անձնական ցանկության հետ, ինչ վերաբերվում է նոր աուդիտին՝ այն պարտադիր կերպով անց է կացվելու դարձյալ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ոչ ռեկտորի ցանկությամբ՝ ֆինանսական տարվա ավարտին, իսկ ինչ վերաբերվում է արհմիության կամ ուսանողական խորհրդի կասեցմանը, ապա ես ձեզ պետք է ասեմ, որ նրանք ինքնակառավարող, ինքնուրույն մարմիններ են, և նրանց կասեցման մասին պահանջը նույնպես իրավաչափ չէ: Ոչ ես, ոչ որևէ մի համալսարանական, ոչ էլ դուք իրավունք չունեք այդպսի պահանջ ներկայացնելու»:

Այս պահին ուսանողները շարունակոմ են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նշենք, որ բոլոր ուսանողները ռեկտորին 3 հարց ուղղելու հնարավորություն ունեն :