ՌԱԿ-ը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներքաղաքական  ճգնաժամի կարգավորման մասին

 

  • Հայրենական սահմանների հետագա անձեռնմխելիությունը երաշխավորված տեսնելու նախանձախնդրությամբ,
  • Երկրի տնտեսական կացության հետագա վատթարացումը կանխելու մտահոգությամբ,
  • Համայն հայությանը՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, համախմբելու ձգտումով.

 

Ռամկավար Ազատական կուսակցութունը, իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների համախոհությամբ կոչ է անում՝

Առաջիկա մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրել հանրապետության վարչապետի պաշտոնում եւ նրան պարտականություն տալ, Սահմանադրության համաձայն, ձեռնամուխ լինել ժամանակավոր նոր կառավարության կազմությանը՝ պետական կառույցների աշխատանքը անխափան շարունակելու առաջադրանքով։

Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝

ա) Գործել միմիայն Սահմանադրության եւ օրեքնների շրջանակներում եւ վեր չդասվել օրենքից՝ ինչ էլ որ լինեն իրեն շրջապատող զանգվածների պահանջները,

բ) Սահմանադրությամբ նախատեսվող բոլոր պարագաներում սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության նախագահի, իսկ ազգային-համահայկական կարեւորագույն հարցերում՝ նաեւ Ամենայն հայոց հայրապետի հետ։

գ) Օրենսդրական համապատասխան գործիքների կիրառմամբ ձեռնարկել Ազգային ժողովի ցրման գործընթաց եւ Հանրապետության նախագահին առաջարկել նշանակել արտահերթ ընտրություններ։

դ) Մինչ այդ ԱԺ նախագահությանը առաջարկել ձեռնարկել ընտրությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխման գործընթաց՝ այն համապատասխանեցնելով իսկական ժողովրդավարական չափանիշներին՝ բացառապես համամասնական կարգով ընտրելիություն, ելակետային հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար, Կենտրոնական ընտրական նոր հանձնաժողովի ստեղծում՝ ապակուսակցական սկզբունքով, ամենախիստ վերահսկողություն սահմանել ընտրություններում ծախսվող գումարների վրա։

ե) Օրենզդրորեն ապահովել Հանրապետության նախագահի  իրավասությունների ընդլայնումը՝ երկրի ղեկավարման հիմքում դնելով իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշռման սկզբունքը, նվազեցնելով վարչապետի գերհզոր լիազորությունները։

ՌԱԿ-ը համոզված է, որ այս եւ հետագա օրինական քայլերի կիրառմամբ միայն հնարավոր կլինի ժողովրդի իշխանությունը տարածել մեր ողջ երկրի վրա, ապահովել պետության կայուն եւ ապահով զարգացումը բոլոր բնագավառներում։

 

ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

 

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ  ՎԱՐՉՈՒԹԻՒՆ                      ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Յակոբ Ավետիքեան                                                Վարդան Նազիրեան

Ատենապ                                                                   Ատենապ

Մեկնաբանություններ