Ջաթսոշոնն ընդդեմ Էստոնիայի

Դիմումատուն՝ Ինդրեք Ջաթսոշոնը, ազգությամբ էստոնացի է, ծնվել է 1985 թվականին, բնակվում է Էստոնիայում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ կալանավորներին տեղափոխելու համար նախատեսված վագոնի խցիկի վատ պայմաններին:Դիմումատուն դատապարտվել է ազատազրկման՝ կողոպուտ իրականացնելու և ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար: 2013 թվականին մահացել է Դիմումատուի տատիկը: Վերջինիս հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար Դիմումատուին կալանավորների համար նախատեսված արձակուրդ են հատկացրել: Այնուամենայնիվ, Դիմումատուն չի մասնակցել իր տատիկի հուղարկավորությանը:

Դիմումատուն բողոք է ներկայացրել կալանավայրի աշխատակիցներին բանտարկյալների տեղափոխման համար նախատեսված վագոնի խցիկների փոքր չափսերի, ոչ ապահով պայմանների և անվտանգության ամրագոտու բացակայության մասին: Դիմումատուն իր ներկայացրած բողոքի մեջ նշել է, որ վագոնի խցիկների վատ պայմանների պատճառով չի կարողացել մասնակցել իր տատիկի հուղարկավորությանը և վերադարձել է իր բանտախուց: Այնուհետև, Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարան՝ բանտարկյալների տեղափոխման համար նախատեսված վագոնի խցիկների վատ պայմանների հետևանքով իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ: Էստոնիայի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը: Մասնավորապես՝ ներպետական դատական ատյանները պարզել են, որ Դիմումատուն հրաժարվել է իր ազգականի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար իրեն այլ քաղաք տեղափոխելու առաջարկից, հետևաբար՝ Դիմումատուն երբեք չի ենթարկվել այն վատ պայմաններին, որոնք նա նկարագրել է իր ներկայացրած բողոքի մեջ: Այսպիսով, Էստոնիայի ներպետական դատական ատյանները Դիմումատուի ներկայացրած բողոքը ճանաչել են անընդունելի:

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն բողոքել է կալանավորներին տեղափոխելու համար նախատեսված վագոնի խցիկի վատ պայմանների, փոքր չափսերի և այդ խցիկում անվտանգության ամրագոտու և բռնակների բացակայության մասին: Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի և տրանսպորտային միջոցի բացակայության պատճառով ներկա չի գտնվել իր տատիկի հուղարկավորության արարողությանը:

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։

Մեկնաբանություններ