«Պնդում էինք, համոզում, որ վտանգավոր է, որ ճանապարհը փակ է անվտանգությունից ելնելով». Սարի թաղի գործով հարցաքննվեց հերթական վկան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրձանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի գործով նիստը:

Այսօրվա նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Հարցաքննվեց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի մասնաճյուղի աշխատակից Ազարիա Գևորգյանը, ով դեպքի օրը ծառայություն է իրականացրել Սարի թաղում:

Նշենք, որ վկան ոչ ամբաստանյալին և ոչ էլ տոժողներից որևէ մեկին չի ճանաչում: Ըստ նրա՝ դեպքի օրը  քաղաքացիները ցանկանում էին, որ ճանապարհը բացվեր, որպեսզի իրենք գնան դեպի ՊՊԾ. «Քաղաքացիները ուզում էին ճանապարհ բացել, ոստիկանները քաղաքացիների հետ բանակցություններ  անցկացրին, արդյունքում անհամաձայնություն եղավ և բախում   սկսվեց»,- պատմեց Ազարիա Գևորգյանը, մանրամասնելով, որ բախումից հետո քաղաքացիները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:

«Պնդում էինք, համոզում, որ վտանգավոր է, որ ճանապարհը փակ է անվտանգությունից ելնելով»,- պատմեց վկան, շարունակելով նշել, որ քաղաքացիների վրդովմունքի պատճառը փակ ճանապարհն էր, և նշում է, որ ամենազկզբից էլ նրանք ագրեսիվ էին տրամադրված:

Քարեր նետելու գործընթացը ըստ վկայի՝ տևել է 5-10 րոպե: Քաղաքացիների քանակի վերաբերյալ մեղադրողի հարցին վկան պատասխանեց՝ 20 հոգի կլինեին: Քաղաքացիները քարեր նետելու ժամանակահատվածում նաև հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Վկան հայտնեց, որ դրանք անձնավորված չէին:

«Քաղաքացիների մեջ կար մի տարիքով մարդ, ով հետ էր պահում և հանդարտության կոչեր էր անում»,-ասաց Ազարիա Գևորգյանը, մանրամասնելով, որ քաղաքացիների մեջ ագրեսիվությամբ աչքի էին ընկնում 3-4 հոգի, սակյան նրանց արտաքին տվյալների մանրամասները չի հիշում:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ճշտեց, արդյո՞ք աշխատակիցը ինքը դեպքի օրը կրել է հրազեն, որին ի պատասխան Ազարիա Գևորգյանը հաստատեց զենք կրելու վարկածը, մանրամասնելով, որ կրել է AK 74 հրազեն, որը տեսանելի է եղել քաղաքացիների համար:

Վկան պատմեց, որ կրակոցներ չի լսվել, սակայն միայն նկատել է երբ քաղաքացիները բարձրացել են, վերևում կրակ է նկատել: Լիպարիտ Սիմոնյանը հիեշցրեց վկաներից Արազի Թիրիպյանը ցուցմունքը, ըստ որի՝ ինքը կրակոցներ է արձակել օդ, սակայն Ազարիա Գևորգյանը կրկին ասաց, որ չի նկատել և չի հիշում:

Մեղադրող Գևորգ Գևորգյանը հակասություն կտավ վկայի նախաքննական և դատաքննական ընթացքում տված ցուցմունքների միջև, մասնավորապես տեսանկարահանող աղջկա վերաբերյալ:Վկան նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ քաղաքացիների խմբի հետ եղել է մի աղջիկ ով տեսանկարահանել է, և ով հավանաբար լրագրող է եղել, սակայն դատարանում տված ցուցմունքում հայտեց, որ միայն տղաներ են եղել և ինքը չի նկատել նման բան: Նախաքննական ցուցմունքում վկան մանրամասն նկարագրել է 3 անձանց: Նշել է նաև որ այդ բախման ողջ ընթացքում իրեն ոչ մի քաղաքացի չի հարվածել, չի քաշքշել, իր հասցեին հայհոյանքներ չի հնչեցրել և նույնիս իր հագուստը չի վնասվել:

«Ինչով կբացատրեք, որ մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառվել, իսկ ձեր նկատմամբ ոչ, արդյո՞ք դա չի նշանակում, որ որոշ ոստիկաններ ավելի վատ արտահայտություն է արել կամ ինքն է նախահարձակ եղել»,- հարցրեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, որին ի պատասխան՝ վկան ասաց, որ չի կարող ասել, ինքը չի տեսել:

Հաջորդ դատական նստը տեղի կունենա ապրիլի 5-ին:

Մեկնաբանություններ