Դիմումատուները՝ Բոժիդար Պետրովիչը, Ալմա Կուզմանովիչը, Քրիստինա Պետրովիչը և Ժելկո Պետրովիչը, ազգությամբ մոնտենեգրացի են, ծնվել են համապատասխանաբար 1956, 1952, 1972 և 1980 թվականներին։ Դիմումատու Բոժիդարը բնակվում է Մոնտենեգրոյի Տիվատ քաղաքում, իսկ Դիմումատուներ Ալման, Քրիստինան և Ժելկոն՝ Կոտոր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ ժառանգման իրավունքով իրենց հասանելիք ափամերձ հողատարածքը պետության կողմից սեփականազրկելու մասին որոշմանը:
1997 թվականին մահացել է Դիմումատուների հայրը։ Համապատասխան ժամանակահատվածում վերջինս ափամերձ հողատարածքի սեփականատեր չի հանդիսացել, ուստի, հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է պետությանը։
2009 թվականին Դիմումատուները քաղաքացիական գործ են հարուցել պատասխանող Պետության դեմ՝ սեփականության իրավունքով իրենց հորը պատկանող ափամերձ երկու հողատարածքների սեփականաշնորհման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները հայց են ներկայացրել Դատարան՝ ափամերձ մասում գտնվող երկու հողատարածքների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով։ Հետագայում, Մոնտենեգրոյի ներպետական դատական ատյանները հաստատել են, որ ափամերձ տարածաշրջանում գտնվող երկու հողատարածքները պատկանել են Դիմումատուների օրինական իրավանախորդին։
Հիմք ընդունելով հողային հարաբերությունների մասին ներքին օրենսդրությունը` ափամերձ մասում գտնվող հողատարածքը չի կարող անձի մասնավոր սեփականություն համարվել, ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուների ներկայացրած հայցը։ Այնուհետև, Դիմումատուները բողոքել են իրենց հորը պատկանող հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջի մասին իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման դեմ, սակայն ապարդյուն։
2015 թվականին Մոնտենեգրոյի Գերագույն դատարանը հաստատել է ներպետական դատական ատյանների կողմից կայացված որոշումը՝ հիմնավորելով, որ 2009 թվականին ընդունված անշարժ գույքի մասին օրենքը թույլատրում է ճանաչել ափամերձ մասում գտնվող հողատարածքի նկատմամբ անձի սեփականության իրավունքը միայն այն բացառիկ դեպքում, երբ այդ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվել է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են իրենց հորը պատկանող հողատարածքները սեփականաշնորհելու համար իրենց նրկայացրած հայցը մերժելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշման դեմ։ Դիմումատուները նաև բողոքել են ժառանգման իրավունքով իրենց հասանելիք հողատարածքը պետության կողմից սեփականազրկելու արդյունքում իրենց պատճառված նյութական վնասը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։
Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։