ՊԵԿ-ի աշխատակցի ձեռնարկատիրական ապօրինի գործունեությանը մասնակցելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակցի ապօրինի գործողությունների փաստով:

Այսպես, Ա. Վ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ համապատասխան ընկերության հետ 14.07.2014թ.-ին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 67.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա: Միաժամանակ Ա. Վ.-ն հայտնել է, որ թեև պայմանագիրը կնքել է նշված ընկերության հետ, սակայն տրանսպորտային միջոցի գնման հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք է բերել հիշյալ ավտոմեքենայի փաստացի վաճառող ներկայացած, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից Ա. Մ.-ի հետ, ում էլ փոխանցել է ավտոմեքենայի ձեռք բերման գումարը:  Հետագայում գնորդ Ա. Վ.-ն պարզել է, որ առուվաճառքի պայմանագրում ավտոմեքենայի արժեքը նշված է ոչ թե 67.000 ԱՄՆ դոլար, այլ դրանից էականորեն քիչ՝ 14.200.000 ՀՀ դրամ, հետևաբար մաքսազերծումն ու հարկային պարտավորությունները նույնպես կատարվել են այդ գումարի հաշվարկմամբ: Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի վազքը շուրջ 144.000 կիլոմետրով նվազեցված է եղել:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ Ա. Վ.-ի հաղորդման` հիշյալ գործողություններով ՊԵԿ աշխատակիցն ապօրինի մասնակցել է տվյալ ընկերության գործունեությանը` հովանավորելով ու արտոնություններ տրամադրելով նրան:

Բացի այդ, Ա. Վ.-ն պարզել է, որ վերը նշված ընկերության կողմից 2012-2014 թվականների ընթացքում ներկրված ավտոմեքենաների առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշված են դրանց շուկայական գներից ակնհայտորեն նվազեցված գներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ