Քննարկման է դրվել «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության, ընտրության արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, նախատեսվում է նշված քաղաքացիների ընտրության գործընթացն իրականացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Սահմանվում են նաև Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողների տարկետման տրամադրման, ինչպես նաև վերը նշված քաղաքացիների տարկետման դադարեցման պայմանները:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի նպատակային ուսումնառության համար քաղաքացիներին տարկետում տրամադրելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: