Պաշտպանը պահանջեց Սամվել Բաբայանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել. «Իգլա»-ի գործ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում այսօր պաշտպանները հանդես եկան պաշտպանական ճառերով:

Գործով ամբաստանյալ Սանասար Գբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ իր շահերի պաշտպանը գտնվում է Վրաստանում:

Դատավորը նկատեց, որ նախկինում ամբաստանյալը հրաժարվել է պաշտպանից:

«Էս մեղադրողի հետ ես մենակ չեմ կարա, իրան պատասխանելու համար ինձ պաշտպան ա պետք: Ես ի՞նչ իմանայի, որ ուզելու ա ինձ ագռավի սռոկով նստացնի»,-արձագանքեց Սանասար Գաբրիելյանը:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ նիստը անտեղի չի հետաձգվելու: Այսօր հանդես կգան մյուս ամբաստանյալների պաշտպանները, ավարտից հետո դատը կհետաձգվի մինչև Սանասար Գաբրիելյանի պաշտպանը պատրաստ լինի պաշտպանական ճառին: Դատավորը նշեց, որ ամբաստանյալի պաշտպանին կտրամադրվեն նաև այսօրվա նիստի ձայնագրությունների կրիչները:

Ամբաստանյալ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ պաշտպանական ճառով  և հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները անհիմն են:

Նախ անդրադարձավ մեղադրանքում առաջադրված առաջի ն հատվածին՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը մանրամասնելով, որ այս մեղադրանքի առաջադրման համար ոչ մի բավարար ապացույց չկա.  «Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել «Իգլա »տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, և զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետով լուսանկարել են և ցույց տվել Սամվել Բաբայանին: Վերջինը ասել է, որ ամբողջական չէ», – ասաց փաստաբանը հավելելով, որ չկա ոչ մի ապացույց, որ իր պաշտպանյալն է դրդել Սանասար Գաբրիելյանին գնել«Իգլա» տեսակի ռազմամթերք::

Ըստ պաշտպան Ավետիս Քալաշյանի՝  եթե ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր, ապա իր պաշտպանյալի նկատմամբ այսպիսի մեղադրանք չէր առաջադրվի:

«Մեղադրանքի հիմքում դրված այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանը դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել, սակայն այս հատվածը չի հաստատվում որևէ փաստականով կամ հանգամանքով», -շարունակեց նա:

Պաշտպանի խոսքերով՝  մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, որի հիմքուն չկան փաստական ապացույցներ:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ներքին զննման օպերատիվ գաղտնալսումներին՝  Ավետիս Քալաշյանն ասաց, որ Սամվել  Բաբայանի հեռախոսազրույցների գաղտնալսումեների  մեջ չկա որևէ հիշատակվում գումարի մասին՝ առավել ևս դրա չափի:

«Գաղտնալսումներում առկա որոշ բառեր, նախադասություններ կամայականորեն հիմք են համարվել մեղադրանքում օգտագործելու համար: Սանասար Գաբրիելյանի և Հրաչյա Մայիլյանի գաղտնալսման մեջ ասվել է 50 հազարը վերցրու ու վերջացնենք ամեն ինչ: Մեղադրողը եզրակացրել է, որ դա Սամվել Բաբայանի խոստացած գումարն է, մանավանդ նշված խոսակցությունից երևում է, որ 50  հազարը Սանասար Գաբրիելյանը արդեն ինչ որ տեղից վերցրել էր»,-նշում է պաշտպանը:

«Եթե զենքի պատվիրատուն Սամվել Բաբայանն է ու  նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանը ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, հատկապես այն պարագայում, որ Գաբրիելյանը նյութապես շահագրգռված է եղել: Չէ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել: Բաբայանի և Գաբրիելյանի զրույցում որևէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքի մասերը ձեռք բերելուց: Նշված փաստարկներից միանշանակ հետևում է, որ Սամվել Բաբայանը որևէ առնություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Գաբրիելյանինն է, որին Բաբայանը որևէ խոստում չի տվել»:

Փաստաբան Քալաշյանի խոսքերով Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը ևս ճիշտ չէ, քանի որ նա այնուամենայնիվ զենքը չի գնել. «Նրա կատարած գործողություններում առկա է հանցակազմի փորձ, քանի որ նրա մոտ փաստացի զենք չի եղել, նա փորձել է ձեռք բերել զենքը, և դրա մասերը նա տեսել է միայն լուսանկարով, հետևաբար նրան առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ»,-ասաց նա:

Պաշտպանը նշում է, որ այս մեղադրանքը անհիմն է և պետք է կայացվի արդարացման դատավճիռ, հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրողը նշել, էր Սամվել Բաբայանի նկատմամբ պետք է սահմանվի խիստ պատիժ հաշվի առնելով գործում նրա ակտիվ դերը: Պաշտպանը մեղադրողի այս պահանջը ևս անհիմն համարեց:

Պաշտպանը անթույլատրելի համարեց մեղադրող դատախազի մեղադրանքում ներկայացրած այն հանգամանքը, թե Սամվել Բաբայանը չի տարբերում «Իգլան» տրուբայից: Պաշտպանը հարկ համարեց հիշեցնել, որ Սամվել Բաբայանը հերոս է և նրա ղեկավարած բանակը առանձնանում էր ողջ Կովկասում. «Սամվել Բաբայանն անուրանալի ներդրում է ունեցել մեր երկրում: Ի վերջո, հարգելի դատարան, մենք գործ ունենք հերոսի հետ», – հայտարարեց Ավետիս Քալաշյանը:

Պաշտպանը իր ճառով անդրադարձավ մեղադրանքի 2-րդ դրվագին՝ փողերի լվացման: Հիշեցնենք, որ Ավետիս Քալաշյանը  այս դրվագով  պաշտպանում է երեք ամբաստանյալների՝ Անդրանիկ Քոչարյանին, Կարեն Քոչարյանին և Սամվել Բաբայանին:

Ըստ պաշտպանի՝ Սամվել Բաբայանը իր ցուցմունքներում հայտնել է, որ այդ գումարը իրեն պարտք են եղել և ուղարկվել են Ռուսաստանից, սակայն  պետական մեղադրողը պնդում է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են:

«Նախաքննության մարմինը չունի որևէ ապացույց, թե այդ թղթադրամները ե՞րբ են հափշտակվել, որտեղի՞ց և այդ առիթով կա արդյո՞ք քրեական գործ:  Չի կարելի հստակ ասել, թե ներկոտված թղթադրամները հանցավոր  ճանապարհով են ձեռք բերած»,-նշեց Ավետիս Քալաշյանը:

Պաշտպանը հայտնեց, որ փողերի լվացման գործով չեն հարցաքննվել առանցքային նշանակություն ունեցող վկաները՝ Տիգրան Հովհաննիսյանը և Վասիլին:

«Բաբայանը ցանկացել է հետ ստանալ իրեն պարտք գումարը ու չի կասկածել, որ այդ թղթադրամները կարող են ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով: Նա սկզբում կասկածել է, թե փողերը կեղծ են, այդ իսկ պատճառով էլ Կարեն Քոչարյանին խնդրել դրանք տանել բանկ և ստուգել, ստուգելու արդյունքում պարզվել է, որ փողերը կեղծ չեն»,-նշում է Բաբայանի շահերի պաշտպանը:

Պաշտպան Ավետիս Քալաշյանը հիշեցրեց, որ սույն դրվագով բոլոր ամբաստանյալները պնդել են, որ չեն իմացել, թե ինչ հանգամանքներում են ներկոտվել փողերը:

Պաշտպանի խոսքերով՝ թղթադրամների վերաբերյալ օտարերկրյա մարմիններից որևէ ազդակ կամ հարցում չի հայտնաբերվել և այս պայմաններում որքանով է ճիշտ Անդրանիկ, Կարեն Քոչարյաններին և Սամվել Բաբայանին մեղադրել այն բանի մեջ, թե այդ փողերը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

«Մեղադրող  կողմը ինպես է պնդում, թե այդ գումարները հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել, եթե առ այս պահը պարզված չէ, թե ինչ պատճառով են դրանք կեղտոտվել»,-հարցադրում արեց Ավետիս Քալաշյանը:

Պաշտպան Ավետիս Քալաշյանը փողերի լվացման դրվագով իր պաշտպանյալների համար պահանջում է արդարացման դատավճիռ կայացնել:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պետական մեղադրող Արամ Արամյանը իր մեղադրական ճառով պահանջեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Դատախազը մեղադրական ճառում պահանջեց ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, նշելով, որ խափանման միջոցները թողնել անփոփոխ մինչև սույն գործով դատական վճռի ուժի մեջ մտնելը։

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

Մեկնաբանություններ