ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ հոկտեմբերի 19-ին ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու և վտանգի մեջ թողնելու փաստի առնչությամբ:
Մասնավորապես, ՀՀ ՀՔԾ տեղեկատվական կենտրոնի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
«2014 թ. հոկտեմբերի 19-ին հայաստանյան տեղեկատվական կայքերում տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը` ժամը 19:45-ի սահմաներում, Երևանի Սայաթ-Նովա փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են քաղաքացի Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան և քաշելով մեքենայից դուրս բերել Ալեք Ենիգոմշյանին: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում-LegalInfo) և 309-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին-LegalInfo) հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: