Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար: Բացի այդ, շահադիտական և անձնական այլ դրդումներով ոչնչացրել են հիշյալ անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված, ապօրինի անտառահատման իրական ծավալները արտացոլող հաշվեգնահատման ցուցակները, ինչպես նաև նույն դրդապատճառով համապատասխան ստուգման ակտում մտցրել են կեղծ տեղեկություններ` կատարելով պաշտոնեական կեղծիք:

Այսպես, 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ի թիվս այլոց ընդգրկված են եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը և նույն տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանը: Ստուգման ընթացքում վերը նշված անտառտնտեսության երեք, այդ թվում` «Արծվանիկ» անտառպետությունում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս:

«Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը նախապես, մինչ այդ անտառապետությունում ստուգումներ իրականացնելը, նշված տարածքում ապօրինի հատված ծառերի քանակը քիչ արձանագրելու և դրա դիմաց կաշառք տալու համար դիմել է իր համաքաղաքացի, բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանին, ով խոստացել է օգնել Ազատ Բադալյանին: Մասնավորապես, Վ. Մարտիրոսյանը կապ է հաստատել և բանակցել իր մտերիմ, նույն տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի հետ, ապա` խնդրել նրա միջամտությունը, որպեսզի նշված անտառպետությունում ստուգող խմբի կողմից «մեղմ» ստուգումներ անցկացվեն, և արձանագրված վնասը չգերազանցի 600.000-650.000 ՀՀ դրամը: Վասիլ Աբրահամյանը այդ մասին հայտնել է ստուգող խմբի ղեկավար Վարդան Ասատրյանին, ով Գեորգի Պողոսյանի հետ ընդունել է կաշառքի դիմաց ապօրինի հատված ծառերի քանակը նվազեցնելու առաջարկը:

Օժանդակելով Գեորգի Պողոսյանի և Վարդան Ասատրյանի կողմից կաշառք ստանալուն՝ Վասիլ Աբրահամյանը անտառապետ Ազատ Բադալյանի անունից ներկայացած Վահրամ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել կաշառքի գումարը վերջինիս կողմից բանկային փոխանցումով ուղարկելու շուրջ: Ըստ պայմանավորվածության` Վահրամ Մարտիրոսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցել է Վասիլ Աբրահամյանի մատնանշած անձի անվամբ: Հաջորդ օրը Վ. Աբրահամյանը ստացել է կաշառքի գումարը և այն փոխանցել Վարդան Ասատրյանին ու Գեորգի Պողոսյանին: Դրա դիմաց վերջիններս 2016 թվականի նոյեմբերի 22-ին, հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու նպատակով, «Արծվանիկի» անտառպետության տարածքում արձանագրված վնասի իրական չափերն արտացոլող պաշտոնական փաստաթղթերը` հաշվեգնահատման ցուցակները պատռել են, ապա` կազմել կեղծ ստուգման ակտ, որում հիշյալ անտառպետությունում հայտնաբերված իրական վնասը նվազեցրել են:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ Գեորգի Պողոսյանը ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող 25 հատ 7,62մմ տրամաչափի և 5 հատ 7,63մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2017 թվականի նոյեմբերի 1-ին` նշված բնակարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գեորգի Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը`  խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  324-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, 314-րդ հոդվածի 1-ին մասով`պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով`ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազատ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝  կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Վահրամ ՄարտիրոսյանինՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով՝  կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի և Վասիլ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրյալների նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ