Պանկովն ընդդեմ Ռուսաստանի 

Դիմումատուն՝ Վլադիսլավ Պանկովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1987 թվականին և ապրում է Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն դաժան վերաբերմունքի գործով բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակիցների դեմ։

2007 թվականի ապրիլի 9-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները փողոցում կանգնեցրել են Դիմումատուին, ստուգել նրա անձնագիրը, ինքնությունը հաստատող փաստաթղթերը և ոստիկանության բաժին են տարել։ Դիմումատուի խոսքերով՝ հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկել։ Նույն օրը նրան հարցաքննել են կողոպուտի գործով՝ որպես վկա և ազատ են արձակել։ Ոստիկանության բաժնից ազատ արձակվելուց հետո բժիշկները հետազոտել են Դիմումատուին և հաստատել, որ վերջինս գլխի մի քանի վնասվածք է ստացել։

Տարբեր ժամանակահատվածներում Դիմումատուն բողոքներ է ներկայացրել իրավապահ մարմիններին և դատախազությանը՝ իրեն ոստիկանության բաժին տանելու և աշխատակիցների կողմից դաժանորեն ծեծի ենթարկվելու վերաբերյալ, սակայն` ապարդյուն։ Նրա ներկայացրած բողոքների հիման վրա քրեական գործ երբեք չի հարուցվել։ Քննիչի խոսքերով՝ Դիմումատուի գլխի վնասվածքների առկայությունը ապացույց չի հանդիսանում, որ դրանք պատճառվել են վերջինիս ոստիկանության աշխատակիցների կողմից։ Այսպիսով, Դիմումատուի ներկայացրած բողոքները մերժվել են՝ ապացույցի բացակայության հիմքով։ 2008 թվականին այս որոշումը հաստատել են նաև Ռուսաստանի ներպետական դատական ատյանները։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ապօրինի կերպով ձերբակալել և ոստիկանության բաժին են տարել, այնուհետև դաժան ծեծի են ենթարկել։ Նա նաև բողոքել է իր ներկայացրած բողոքներն առանց քննության թողնելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 15․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ