Փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի պատշգամբն՝ ամբողջությամբ (մոտ 12 քմ), ամբողջությամբ վնասվել են միջնապատերը, մեկ արտաքին պատ, հյուրասենյակի առաստաղը, թեքվել է մեկ հենասյուն, պոկվել մուտքի դուռը և ամբողջությամբ վնասվել պատուհանները:
Վնասվել է առաջին հարկում գտնվող թիվ 43 բնակարանի մուտքի դուռը, միջնապատերին առաջացել են ճաքեր՝ մոտ 2 քմ, 2-րդ հարկում գտնվող թիվ 45 բնակարանի պատուհանները և մուտքի դուռը, թիվ 46 բնակարանի միջնապատերը՝ մասամբ, վնասվել՝ հյուրասենյակի առաստաղը, թիվ 47 բնակարանի հատակը՝ մոտ 0,5 քմ: Ամբողջությամբ վնասվել են 4-րդ հարկում գտնվող թիվ 51, 52, 53 բնակարանների պատուհանները:
Վնասվել են շենքի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202 , «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Զոհեր և տուժածներ չկան:
Փրկարարները 1-ին մուտքից տարհանել են 14 բնակչի և տեղում իրականացրել բնակարանների պատուհանների վնասված ապակիների հեռացման աշխատանքներ: