Պաղեստինը հայց կներկայացնի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ բեդուինների տները քանդելու մասին Իսրայելի կայացրած որոշման և Ալ-Ակսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Պաղեստինն արդեն փոխանցել է գործին առնչվող բոլոր փաստաթղթերը նաև Միջազգային քրեական դատարան: Այս մասին Ռամալլահ քաղաքում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։ Վերջինս հայտարարել է, որ ներկայիս դրությամբ Պաղեստինը կանգնած է երկու հիմնական խնդիրների առջև։ Խոսքը վերաբերում է Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Խան ալ-Ահմար գյուղի բեդուինների (քոչվոր արաբների) թաղամասը քանդելու մասին Իսրայելի իշխանությունների կայացրած որոշմանը, ինչպես նաև՝ այն փաստին, որ Իսրայելը պատրաստվում է թույլատրել հրեաներին աղոթել Ալ-Ակսա մզկիթում մուսուլմանների հետ:
Պաղեստինի նախագահի խոսքերով՝ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Սիոնիստական ռեժիմը փորձում է Ալ-Ակսա մզկիթը բաժանել երկու մասի և հրեական կրոնական արարողություններ անցկացնել այդ մզկիթում: Հայտնի է նաև, որ Պաղեստինը բանակցություններ է վարում Հորդանանի հետ՝ Ալ-Ակսա մզկիթի հարցի շուրջ միասնական դիրքորոշում ընդունելու և Միջազգային քրեական դատարան և Արդարադատության միջազգային դատարան դիմելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին Իսրայելի Արդարության Բարձրագույն դատարանը հրաման է արձակել՝ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Խան ալ-Ահմար գյուղի բեդուինական թաղամասը քանդելու մասին։ Դատարանը հիմնավորել է նման որոշումը թաղամասի շինարարության համար անհրաժեշտ օրինական հիմքերի բացակայությամբ: Այսպիսով, Իսրայելի կայացրած որոշման հետևանքով մոտ 200 մարդ ստիպված կլինի լքել իրենց տները: