Չորս արտադրամասի գործունեություն կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել կաթի վերամշակման արտադրամասերում:

Սյունիքի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Նորայր Սահակյանի և Լիաննա Գևորգյանի արտադրամասերում, մասնավորապես, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, նաև՝ հայտնաբերվել են մակնշման խախտումներ:

Շիրակի մարզի անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում նույնպես արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Երեք տնտեսվարողների արտադրամասերի գործունեությունը կասեցվել է:

Վանաձորում իրականացված ստուգման արդյունքում Ծառայությունն անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի մոտ արձանագրել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք: Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ 13.09.2017-ի արտադրության «Պելմեններ» ապրանքատեսակը, ինչպես նաև «Կիևյան  կոտլետներ»-ը և «Հավի  մսով  կոտլետներ»-ը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

Արգելվել է նշված ապրանքատեսակների՝ պահեստում հայտնաբերված բոլոր խմբաքանակների (40 տուփ «Պելմեններ», 15 տուփ «Կիևյան կոտլետներ», և 18 տուփ «Հավի մսով կոտլետներ») իրացումը, իսկ լաբորատոր արդյունքների պատասխանից հետո տրվել է դրանք ոչնչացնելու հանձնարարական:
Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի արտադրական գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերցումը: Վերջինս պարտավորվել է արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

Մեկնաբանություններ