Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:
Նիստն սկսվելուց հետո ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպանները հանդես եկան դատավոր Վաչե Մարգարյանի ինքնաբացարկի միջնորդությամբ: Պաշտպանների կարծիքով դատավորն ակնհայտ հանդես է գալիս մեղադրողի կողմից և ցուցաբերում է կողմնակալ վերաբերմունք: Միջնորդության համաձայն դատական նիստերի ընթացքում կոպտորեն խախտվել է դատական քննության հրապարակայությունը և չի ապահովվել լսելիությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Դատական նիստերի ընթացքում դատավորը կասկածանքով է վերաբերվել ամբաստանյալի առողջության հետ կապված հարցերին և դժկամությամբ է կանչել շտապօգնություն, պաշտպանների նկատմամբ կիրառել է անհիմն սանկցիա:
Պաշտպանական կողմը նաև գտնում է, որ սույն քրեական գործով դատավորը կաշկանդված է և չի կարող իրականացնել արդար քննություն. «Մենք գտնում ենք, որ դատավորի գործողությունները և արարքները եղել են կանխակալ: Այս քրեական գործով հարգելի դատարան դուք արդար քննություն չեք իրականացնում և կաշկանդված եք »- իր խոսքում նշեց Իշխան Բարսեղյանի պաշտպանը:
Միջնորդության ընթերցումն ավարտելուց հետո Իշխան Բարսեղյանը խնդրանքով դիմեց դատավոր Վաչե Մարգարյանին, որպեսզի միջնորդության քննարկման արդյունքում կայացրած որոշումն ամիջապես հանձնվի պաշտպանական կողմին, այլ ոչ թե փոստով ուղարկվի:
Միջնորդությանը դեմ արտահայտվեց դատախազ Բիշարյանը, վերջինս հայտնեց, որ միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ պաշտպանական կողմը չի ներկայացրել որևէ հիմնավոր փասատարկ:
Դատավորը որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Մոտ 1 ժամ ընդմիջումից հետո դատավոր Վաչե Մարգարյանի որոշման համաձայն ինքնաբացարկի մջնորդությունը մերժվեց: Դատավորը նաև յաընեց, որ որոշումը լրացուցիչ կուղարկվի կողմերին:
Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը զայրացավ դատավորի այս քայլից, քանի որ ըստ նրա դատավորը պարտավոր էր որոշումը միանգամից ներկայացնել կողմերին. «Չի կարելի, դուք մարդու ճակատագրի հարց եք լուծում, սա ոչ իրավական է, ոչ էլ բարոյական: Ես 20 տարուց ավել աշխատել եմ և նման բան չեմ արել»,- դատավորին ասաց Իշխան Բարսեղյանը:
Դատավորը որոշեց անցնել ամբաստանյալների հարցաքննությունը, նշելով, որ դատարանն արդեն իր որոշումը կայացրել է:
Մեղադրող դատախազ Բիշարյանը հանդես եկավ միջնորդությամբ, դատարանին խնդրելով հետաձգել նիստը, քանի որ ամբաստանյալների հարցաքննման համար իրեն ժամանակ է անհրաժեշտ:
Լսելով պաշտպանական կողմի կարծիքը դատավորը որոշեց նիստն հետաձգել:
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
Նյութը` Ելենա Արամյանի